Միասնական շտաբը մինչ կձեւավորվեր, Քաղաքագետների միությունում պարբերաբար լսումներ էին կազմակերպվում՝ ընտրություններին հանրային վերահսկողության թեմայով: Այդ լսումների առաջին նիստերից մեկի հյուրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էր: Նա առաջին անգամ այդ ժամանակ է այցելել Քաղաքագետների միության շենք ու Հմայակ Հովհաննիսյանի պատմելով՝ հիացել շենքով: Aravot.am-ի հետ զրույցում Հ. Հովհաննիսյանը պատմեց, թե ինչ է առաջարկել իրեն Գալուստ Սահակյանը՝ շենքի պայմանները տեսնելով. «Մեր վարչության անդամների ներկայությամբ Գալուստն ասեց՝ տնաշե՛ն Հմայակ, փոխանակ այստեղ մի կարգին բան սարքեիր, ռեստորան…բան, մարդկանց մի կարգին հաց տայիր՝ սարքել ես ստեղ գալաջի անելու տեղ: Ես էլ ասեցի՝ մենք մենակ հոգեւոր հացով ենք օգտակար լինում, մեր տվածը միայն մտավոր հաց է»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հմայակ Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ՀՀԿ-ականներն ուզում են իր ձեռքից խլել Քաղաքագետների միության տարածքը: Լսումներից հետո նրա վրա ճնշումներ են սկսել գործադրել՝ տարածքը վաճառելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ