Տպավորություն կա, որ Դուք ԲՀԿ-ի ցուցակ հատուկ ներդրվել եք՝ Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին քննադատելու համար եւ շատ հարմար կերպար եք այդ առումով՝ Աշոտյանին Էշոտյան եք ասում, անընդհատ քննադատում: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն Aravot.am-ի այս դիտարկման հետ չհամաձայնեց: Ավելին՝ հերքեց, որ ինքն է ասել Էշոտյան՝ արդարանալով, թե նրա ուսանողներն են ասել: Երբ հիշեցրինք, որ ասուլիսում է ասել՝ տասնյակ զլմ-ների ներկայությամբ, ձայնագրություններ կան՝ նա ասաց, որ լեզվի սայթաքում է եղել:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հասցեագրված քննադատություններին, նա վստահեցրեց. «Ես Սերժ Սարգսյանին, Հանրապետականին երբեք չեմ փնովել: Ես Աշոտ Նավասարդյանի արձանի բացմանն եմ մասնակցել, ելույթ եմ ունեցել, այդ չարաբաստիկ Լիսկան էլ այնտեղ ունկնդիրների մեջ էր, բուռն ողջույններով է ընդունվել իմ ելույթը: Մենք Անդրանիկ Մարգարյանի հետ շատ մտերիմ ենք եղել: Ես ինչո՞ւ պիտի փնովեմ Հանրապետականին: Ես առաջինը հրավիրել եմ Միասնական շտաբ հենց Գալուստ Սահակյանին ու ընդունել փառահեղ ձեւով: Ուղղակի իրենք չհասկացան ինձ: Եթե Անդրանիկը ողջ լիներ՝ կհասկանար, Գալուստը չհասկացավ: Եթե ես մի բան անում եմ, ես անում եմ՝ նկատի ունենալով, որ լուրջ արդյունք է լինելու: Միանշանակ ասեմ՝ ես հակաՀՀԿ-ական բան չեմ ասել, ո՞նց կարող եմ ես Հանրապետականի նկատմամբ ոչ բարյացակամ լինել: Ես պարտավոր եմ լինել բարյացակամ՝ տուրք տալով Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բայց երբ ես տեսնում եմ, որ նորելուկ Հանրապետականները՝ Տիգրան Սարգսյանի կերպարով այդ կուսակցության հերն անիծում են, ես չեմ կարող դրան չանդրադառնալ»:
Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանի կամ որեւէ այլ մարդու կողմից ձեզ հստակ հրահանգ չկա՞ ցեխ շպրտել կամ այսպես ասած «կպնել» ՀՀԿ-ին՝ նա պատասխանեց, որ ոչ. «Ընդհակառակը, Գագիկ Ծառուկյանն անընդհատ զրույցներում ինձ զգուշացնում է, որ պետք է լինել զուսպ եւ կասկածի տակ չդնել իրենց գործընկերական հարաբերությունները: Եվ դա նա ճիշտ է անում, նա քաղաքական մարդ է: Ես կիսում եմ նրա ասածը, որովհետեւ գիտեք ինչ, իշխանությունը նման համակարգերում հնարավոր է փոխել միայն ներսից: Փողոցից փոփոխություն հնարավոր չէ, դա բերում-հանգեցնում է Մարտի 1-ի: Իսկ ինչ վերաբերում է Օսկանյանին, նրա քննադատությունը ես չէի ասի, որ անզուսպ է եւ սանձարձակ: Միանգամայն հիմնավորված, չափված-ձեւած քննադատություն է, ուղղակի կոշտ քննադատություն է: Բայց իրենք իհարկե կուզենային, որ մենք քննադատեինք իրենց այնպես, ինչպես դհոլն էր քննադատում Սերժին: Որովհետեւ այդ կարգի քննադատությունն ավելի դյուրամարս է, քան այն քննադատությունը, որը հիմնվում է փաստերի, փաստարկների վրա: Դրա համար իրենց թվում է, որ այս քննադատությունը ծանր է: Իրականում մեր ձեռքն է ծանր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև