Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիի հետ

Ապրիլ 24,2012 19:06

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին հանդիպեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Իգնատի Սավվիդիի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը:

Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ  միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների  ակտիվացմանն առնչվող խնդիրներ:

Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն,  կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը,  օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլև համազգային նպատակների իրականացման հարցերում:

Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:

Քննարկվեց նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Պարոն Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ  նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում  պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է  հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը:

Հանդիպմանը Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն մաղթեց Հայաստանի հանրապետական կուսակցությանն ու Էդուարդ Շարմազանովին, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրեց, որ իրենք սատարելու են ՀՀԿ-ին:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30