Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման կրկին չասաց (թարմացված)

Ապրիլ 24,2012 18:40

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով, սակայն նորից կիրառեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ առանց ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործման:

«Մենք բոլորս այսօր հիշում ենք 20-րդ դարի ամենամեծ ոճռագործություններից մեկը՝ Մեծ Եղեռնը: Հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության անկման տարիներին գազանաբար սպանդի ենթարկված և աքսորի ճանապարհի զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Հայացք գցելով 97 տարի առաջ տեղի ունեցած աննկարագրելի տանջանքների վրա, միանում ենք ամբողջ աշխարհում և այստեղ՝ Ամերիկայում զոհերի հարգանքի տուրքը մատուցող նահանգներին, կազմակերպություններին, համայնքներին և ընտանիքներին:  Պարտավոր ենք մեր խոսքերի և արարքների միջոցով վառ պահել նահատակների հիշատակը և թույլ չտալ, որպեսզի երբևէ կրկնվեն պատմության նման մութ էջերը»:

Ուղերձում նախագահ Օբաման այնուհետև նշել է, թե ինքը բազմիցս արտահայտել է 1915 թվականին տեղի ունեցածի նկատմամբ իր վերաբերմունքը:

«Պատմության վերաբերյալ իմ հայացքները չեն փոխվել: Մեր բոլորի շահերից է բխում փաստերի ամբողջական, ազնիվ և արդարացի ընդունումը: Դեպի ապագա ընթացքն անհնար է կատարել առանց հաշվի նստելու անցյալի փաստերի հետ: Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում բազմիցս է դիմել նման քայլերի, և կարծում եմ՝ դա մեզ միայն առավել հզոր է դարձրել: Ոմանք արդեն իսկ կատարել են դեպի առաջ ուղղված համարձակ քայլերը: Մենք ողջունում ենք այս ճանապարհին ոտք դրած հայերին և թուրքերին ու հույս ենք հայտնում, որ, իրենց երկրների կառավարությունների, ինչպես նաև իմ երկրի կառավարության աջակցությամբ է՛լ ավելի մեծ թվով մարդիկ կկատարեն նույն քայլը», – ասել է նախագահ Օբաման:

«Անհնար է հետ բերել մարդկանց կորսված կյանքը, սակայն հայ ժողովրդի ժառանգությունը հաղթական է: Ձեր հավատքի, խիզախության ու հզորության շնորհիվ ժողովուրդը շարունակել է ապրել և բարգավաճել՝ ամբողջ աշխարհում հիմնադրելով հզոր համայնքներ: Սերնդեսերունդ դուք քաջասրտորեն պահպանել և փոխանցել եք ձեր ժառանգությունը: Ամերիկահայերը բազմիցս նպաստել են Միացյալ Նահանգների հզորության ամրապնդման, ինչպես նաև կարևոր ներդրում են կատարել Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ: Միացյալ Նահանգները հպարտ է ձեր ժառանգությամբ և մոտ մեկ դար առաջ տառապածների և զոհվածների հիշատակի պահպանման գործում կատարված ներդրմամբ», – ասված է ուղերձում:

«Հիշատակի այս օրը միանում ենք բոլոր հայերին՝ հիշելով Մեծ Եղեռնի մռայլությունն ու պարտավորվելով Հայաստանի ժողովրդի համար ապահովել պայծառ ապագա», – ասված է նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել