Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում տալիս են նույն հարցերը, ստանալով նույն պատասխանները

Ապրիլ 24,2012 18:18

ԵԽ նախարարների կոմիտեի գործող նախագահ Դեյվիդ Լիդինգտոն

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը երեկ Վեհաժողովում, երբ քննարկվում էր Բյուրոյի զեկույցը՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Եվրոպայի խորհրդի կայքէջի համաձայն, պրն Սեիդովը ելույթում շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին իր նախաձեռնության համար՝ կազմակերպել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հանդիպումներ ԵԽ շրջանակներում, նշելով, թե Ադրբեջանի պատվիրակությունը մշտապես կողմ է եղել նման հանդիպումներում Ղարաբաղի հարցը քննարկելուն. «Ցավոք, ավելի քան 2 տարի է՝ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվում է Ադրբեջանի պատվիրակության հետ կապեր հաստատել՝ քննարկելու այս շատ կարեւոր խնդիրը»: Եվ հրավիրել է հայ պատվիրակներին՝ մասնակցել այդ քննարկումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակներից Ստրասբուրգ է մեկնել միայն Հերմինե Նաղդալյանը:

Օրվա երկրորդ կեսին, երբ ԵԽԽՎ պատվիրակների հարցերին էր պատասխանում  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահը՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ արտաքին համագործակցության նախարար Դեյվիդ Լիդինգտոնը՝ Ադրբեջանի պատվիրակները դարձյալ են արծարծել ԼՂՀ խնդիրը:

Ռաֆայել Հուսեյնովը նախ ներողություն խնդրելով, որ նորից է ուղղելու հարց, որ բազմիցս հնչեցրել է՝ էլի խոսել է փախստականների եւ տեղահանվածների մասին. «Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդիկ հոգնել են լսել ստանդարտ եւ ավանդական պատասխաններ՝ ներառյալ Եվրոպայի խորհրդում: Իր իրավասությունների շրջանակում ի՞նչ կոնկրետ միջոցներ կարող է ձեռնարկել ԵԽ նախարարների կոմիտեն՝ ազդելու Հայաստանի վրա, որը հրաժարվում է կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած իր հիմնական պարտավորություններից մեկը»:

Դեյվիդ Լիդինգտոնն ի պատասխան նշել է, որ պրն Հուսեյնովը ներողություն խնդրելու կարիք չունի՝ կարեւոր խնդիր է արծարծում: Եվ հետո էլի ասել է այն, ինչ նրանից առաջ ասում էին այլ գործող նախագահներ, թե հետեւում են խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ԵԽ առջեւ հիմնահարցի խաղաղ կարգավորման պարտավորություն են ստանձնել, եւ ԵԽ-ն էլ կարող է նպաստել երկու երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը. «Սակայն, ինչպես ասացի, միջնորդության համար պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է»:

Հուսեյնովից հետո էլ Գանիրա Փաշաեւան համանման հարց է ուղղել Դեյվիդ Լիդինգտոնին. «Մայիսին կլրանա Հայաստանի կողմից ադրբեջանական Շուշիի բռնազավթման 20-ամյակը: Արդեն 20 տարի է ՝ Շուշիից եւ Լաչինից ադրբեջանական հազարավոր փախստականների ու տեղահանվածների թույլ չի տրվում վերադառնալ իրենց տները: Ինչո՞ւ ԵԽ մեխանիզմները չեն օգտագործվում՝ ճնշելու Հայաստանին, որ հեռանա բռնազավթված տարածքներից»:

ԵԽ նախարարների կոմիտեի գործող նախագահն էլ պատասխանել է. «Համոզված եմ, որ տիկին Փաշաեւան ճիշտ է ասում, որ հազարավոր շարքային ընտանիքներ տուժել ու շարունակում են տուժել Եվրոպայի մի մասում այս հակամարտությունից: Ես կոչ եմ անում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին՝ ձեռնպահ մնալ որեւէ հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է վտանգել խաղաղ կարգավորումը»: Եվ հավելել է. «Որքան շուտ հասնեն համաձայնության՝ այնքան լավ բոլոր շահագրգիռ կողմերի համար, եւ այնքան շուտ կգա օրը, երբ տեղահանված ընտանիքները կարող են վերադառնալ իրենց տները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30