Նախընտրական քարոզարշավի սահմանված ժամկետի կեսից ավելին արդեն անցել է, կուսակցություններն արդեն իրենց հիմնադրամում եղած միլիոնների մեծ մասը ծախսել են, սակայն, այդ կուսակցությունները հանրության «любимчик»-ը դառնալու համար գրեթե ոչ մի նոր բան չեն արել:
Որպես քաղաքական PR` ժողովրդի սիրտը գրավելու համար, կուսակցությունները հնացած մեթոդներ են կիրառում. ասֆալտապատում, բակերում խաղահրապարակներ ու նստարաններ տեղադրելուց ավելին չեն անում, օգտագործում են 20 տարվա հնության PR տեխնոլոգիաներ: Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց PR զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը կուսակցությունների նախընտրական քարոզչությունը:
ՀՅԴ նախընտրական հիմնադրամում, ինչպես վստահեցրին կուսակցությունից, մուտք է եղել 39 միլոն 148 հազար դրամ, որի մեծագույն մասը ծախսվել է հեռուստաընկերություններում գովազդ պատվիրելու վրա: Այսօրվա դրությամբ կուսակցության հիմնադրամում մնացել է ընդամենը 568 հազար 440 դրամ:
ՀԱԿ-ի հիմնադրամի գումարը, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի` 7 միլիոն 89 հազար 200 դրամ է: Իսկ թե որքան գումար են մինչ օրս ծախսել նախընտրական քարոզչության համար, Կոնգրեսից չմանրամասնեցին` պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օր է եւ զբաղված են Մեծ Եղեռնի օրվա հետ կապված գործերով: Ըստ ԿԸՀ-ի, ծախսել են 7 մլն 18 հազար դրամ:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ն էլ նախընտրական քարոզչության համար նախատեսել է ծախսել 60 միլիոն դրամ: Կուսակցությունից վստահեցրին, որ առ այսօր դահլիճների վարձակալության, պաստառների եւ քաղաքական գովազդների վրա ծախսել են ընդամենը 24 միլիոն դրամ:
«Միավորված հայեր» կուսակցությունն էլ, ըստ ԿԸՀ-ի, 1 մլն 5 հազար դրամ է հավաքել իր նախընտրական ֆոնդում, որից մեծ մասը ծախսել են եւ մնացել է ընդամենը 159 հազար դրամ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «Միավորված հայերից» մի փոքր ավելի գումար են մուտքագրել իրենց ֆոնդում` 1 մլն 500 հազար, որից մնացել է 784 հազար 995 դրամ:
Իսկ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր նախընտրական ֆոնդում անգամ մի նորմալ «նոթբուկի» գումար էլ չի կարողացել հավաքագրել: Այս կուսակցության հիմնադրամում, ըստ ԿԸՀ-ի, 255 հազար դրամ է, որից մնացել է ընդամենը 55 հազար դրամ:
Բավարա՞ր են արդյոք նշված գումարները գոնե նախընտրական շրջանում իրենց վարկանիշը բարձրացնելու ու ժողովրդի համակրանքը գրավելու համար հարցին, քաղաքական PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը վստահեցրեց, որ դրանք նպատակային օգտագործելու դեպքում` այո. «Կան միջազգային եւ տեղական միջադեպեր, որ անհայտ քաղաքական գործիչը հաշված ամիսների ընթացքում դառնում է հանրությանը ճանաչելի, հետո հնարավոր է նաեւ` սիրելին: Բայց խնդիրն այն է, որ եթե կուսակցությունները որոշել էին մասնակցել, պետք է նախապես զբաղվեին քարոզչական մեխանիզմներով: Հիմա ինչ միջոցներ էլ ձեռնարկում են, բավական ուշ է: Օրինակ` ամերիկյան հայտնի կարգախոս կա` մեզ մոտ նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրություններից անմիջապես հետո»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ