«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը այլ կուսակցությունների ծրագրերի նման լի է դեկլարատիվ հայտարարություններով, ականջ շոյող նախընտրական խոստումներով: «Կուսակցությունը համազգային և համամարդկային արժեքների գնահատմամբ դրանք պահպանելու և զարգացնելու մտահոգությամբ, ձգտելու է մեր ժամանակակիցների մոտ արմատավորել և զարգացնել արժանապատիվ ապրելու իրավունքի և նոր աշխարհակարգում սեփական դերի գիտակցումը»,- հայտարարում է ՕԵԿ-ը:
Հայաստանի ապագան մեծապես պայմանավորելով մարդկային ներուժի կրթական և ստեղծագործական հնարավորությունների զարգացմամբ, ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում. դպրոցների, միջին մասնագիտական կրթության հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացումը, համակարգչային և ինտերնետային միասնական ցանցի ձևավորումը հանրապետության ողջ տարածքում, մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, քոլեջների, բուհերի և գիտական հաստատությունների շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանումը:
Այս կուսակցությունը կողմնակից է, որ առաջին դասարանից երկու օտար լեզու և համակարգչային գիտելիքներ ուսուցանվեն:
ՕԵԿ-ը կրթության, գիտության և տնտեսության միջև փոխշահավետ կապի ամրապնդման համար՝ առաջարկում է բուհերում կարիերայի կենտրոններ ստեղծել, մի բան, որ վաղուց կա բոլոր բուհերում, նաեւ շահավետ պայմաններով վարկերի տրամադրում է խոստանում: Գիտնականների ինքնասիրությունն էլ է շոյված ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում. կուսակցությունը խոստանում է գիտությունների դոկտորների և թեկնածուների հավելավճարների ավելացում և դրանց հաշվեգրում կենսաթոշակների վրա` բարձր կենսաթոշակային ապահովում իրականացնելու համար, նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի դերի և հեղինակության բարձրացում:
Կարդացեք նաև
Ինչպես մյուս կուսակցությունը, այնպես էլ ՕԵԿ-ը մշակութային ժառանգության մասով ցուցաբերում է «Ճաշից հետո, թեկուզ մանանեխ» կեցվածք: «Քանի որ մշակույթը երկրի այցեքարտն է, եւ դրա պահպանումն ապագա սերունդների համար` պետության պարտքը. ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում «պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների հանդեպ օրենսդրական կոշտ միջոցների կիրառումը»,- ասված է ծրագրում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ