Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» իրենց հաշվին դեռ միլիոններ ունեն

Ապրիլ 24,2012 17:24

Ապրիլի 6-ից մեկնարկած քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 11 օր, սակայն քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամում դեռ միլիոններ ունեն: Դատելով հիմնադրամների ելքերից, կարելի է ասել, որ ֆինանսական միջոցներից չեն խեղճացել եւ մինչ օրս իրենց ցոփ ու շվայտ քարոզարշավ են թույլ տվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»:

Օրենքով նախատեսված առավելագույնը 100 միլիոն դրամից մի փոքր պակաս հիմնադրամ գումար է մուտք արել Հայաստանի հանրապետական կուսակցությունը` 94 միլիոն 156 780 դրամ, որից 53 միլիոն 366 440 դրամն արդեն ծախսել են: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ի ֆինանսական մասով պատասխանատու, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ծախսած գումարից առայժմ վճարել են 32 միլիոն 500 հազար դրամը: ՀՀԿ-ի` կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) ներկայացրած հաշվետվության տվյալներով, 40 միլիոն 790340 հազար – 40 միլիոն 790 հազար 340 դրամ էլ կուսակցությունն իր հաշվին դեռ ունի:

«Ժառանգությունն» այս պահի դրությամբ, հեռուստատեսային եւ ռադիոեթերի գովազդի վրա ծախսել է մոտ 55 միլիոն դրամ, մինչեւ 10 միլիոն դրամ էլ հատկացրել է կուսակցության գովազդը վահանակներին, բուկլետներով, շապիկներով կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ, «Ժառանգությունը» հիմնադրամ է մուտք արել 75 միլիոն 997400 դրամ եւ մինչ օրս, ըստ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Թորոսյանի, ծախսել է մոտ 67 միլիոն դրամը:

ԲՀԿ-ն իր նախընտրական հիմնադրամից ծախսել է 53 միլիոն 596560 դրամ: Ըստ

ԿԸՀ կայքէջի տվյալների՝ «Բարգավաճ Հայաստանը» հիմնադրամ է մուտք արել 71 միլիոն դրամ: ԲՀԿ-ին մնացել է ծախսելու 17 միլիոն 403440 դրամը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի աշխատանքային փորձը ցույց է տվել, որ գումարները հիմնականում ծախսվում են քարոզարշավի վերջին շաբաթում, այդ պատճառով էլ կենտրոնի մասնագետներն առայժմ չեն ամփոփել ու համադրել կուսակցությունների հիմնադրամ ներդրած եւ իրականում ծախսած գումարների մոնիթորինգի արդյունքները: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հոկտանյանը

վստահեցրեց, որ այս տարվա մոնիթորինգի ընթացքը ցույց է տալիս, որ հիմնադրամի գումարների եւ իրականում կատարած ծախսերի ցայտուն տարբերություններ չեն լինի, քանի որ Ընտրական նոր օրենսգրքով հիմնադրամի պարտադիր ծախսերի մեջ այլեւս չեն մտնում, ասենք` բենզինի, շտաբների աշխատակիցների վարձատրության եւ նման կարգի ծախսեր:

Ըստ մասնագետի, 100 միլիոն դրամը պետք է ներառի քարոզչանյութերի պատրաստման, եթերաժամի, դահլիճների ու շտաբների վարձակալության, վահանակների բուկլետների պատրաստման ծախսերը:

Պարոն Հոկտանյանից հետաքրքրվեցինք, թե հիմնականում ո՞ր «ծառայությունների» մեջ են խաբում կուսակցությունները: «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ»-ի մասնագետը նշեց, որ իրենց մոնիթորինգները ցույց են տվել, որ, որպես կանոն,

քարոզչանյութերի տպագրության մասով են գումարային տարբերությունները լինում: «Պաստառների տպագրություն, վահանակների պատրաստում եւ տեղադրում ավելի շատ են, քան իրենք ցույց են տալիս: Շուկայական գներով դրանք ավելի մեծ գումարներ են կազմում, իրենք զեղչ գներով են ներկայացնում: Սակայն այսուհետ պարտադիր պայման են մտցրել, որ շուկայական գներով լինի: Ամբողջ աշխարհում շատ տարածված երեւույթ է, որ զեղչ գներով են անում, իսկ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Հետո երբ տվյալ կուսակցությունն անցնում է խորհրդարան կամ տվյալ պատգամավորն ընտրվում է, հետո պետք է համապատասխան շնորհակալությունը հայտնել»:

Ինչ վերաբերում է նախորդ ընտրություններին, ապա պարոն Հոկտանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն հայտարարագրել էր 58 միլիոն 909 հազար դրամ, բայց հակակոռուպցիոն կենտրոնի մոնիթորինգը ցույց էր տվել, որ ՀՀԿ-ի ծախսերը գերազանցել են 79 միլիոն դրամը. «ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր 46 միլիոն 665 հազար դրամ, մոնիտորինգը ցույց է տվել 129 միլիոն 689 հազար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30