Այսօր Վրաստանի խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել` կապված Հայոց ցեղասպանության թեմայի հետ։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` հայկական Սփյուռքի պահանջի վերաբերյալ։
Ի պատասխան` Մառնեուլի շրջանը ներկայացնող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Բագատուրիայի ուղղությամբ ինչ-որ առարկա է շպրտել եւ ցանկացել է նետել նաեւ բաժակը, սակայն նրան խանգարել են մանդատային ոստիկանները։ Բագատուրիան, իր հերթին, ինչ-որ բան է շպրտել Սուլեյմանովի ուղղությամբ։
Ադրբեջանցի պատգամավորը հայ է անվանել վրաց գործընկերոջը եւ «հայկականացրել» նրա ազգանունը` Բագատուրյան։
Կարդացեք նաև
Ցանկացել է արտահայտվել նաեւ հայ պատգամավոր Արմենակ Բայանդուրյանը, սակայն խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն գործընկերներին կոչ է արել ձեռնպահ մնալ տվյալ թեմայով ելույթներից։ Հայ պատգամավորը, այդուհանդերձ, փորձել է ադրբեջանցուն հակադարձել առանց խոսափողի։
«Ազատություն» ռադիոկայան