«Ես ՀՀԿ-ական եմ, ժամը 6-ից հետո իրավունք ունեմ քարոզչություն անելու: Բայց ինչ վերաբերում է անձնագրեր հավաքել կամ պատճեններ, կամ՝ համարներ, ես նման բան չեմ արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: Նկատենք, որ Aravot.am-ն ահազանգեր է ստացել մարզի տարբեր դպրոցներից, որ արդեն 3-4 անգամ ուսուցիչների անձնագրային տվյալներն են հավաքվել, անձնագրերի պատճենները, իսկ մարզպետարանի կրթության վարչության պետը դպրոցներում քարոզչություն է իրականացնում ՀՀԿ-ի օգտին:
Հետաքրքրվեցինք՝ ժամը 18.00-ից հետո դպրոցներում մարդ լինո՞ւմ է, որ տիկին Սայադյանը այդ ժամին է քարոզչություն իրականացնում: Մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես համայնքներում, բակերում եմ քարոզչություն անում. մի տեղ կա՝ դպրոցի բակ է, մի տեղ՝ գյուղապետարանի, բայց ոչ դպրոցում»:
Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, տիկին Սայադյանը հավելեց. «Ես նոր հանրապետական չեմ: Այդ անձնագրային տվյալները հավաքում եմ՝ ի՞նչ անեմ: Ասենք՝ ես ձեր անձնագրային տվյալը վերցրել եմ, բայց դու գնում ես քվեախցիկ… ավելի լավ չէ՞ ես ձեզ հետ խոսեմ, զրուցեմ, հասկանամ քեզ: Անձնագրի համարը վերցնեմ՝ ի՞նչ անեմ: Էն միամիտ, նորելուկներն են, որ բերում են, մեզ են ուզում ապացուցեն երեւի, որ տեսեք՝ այսքան անձնագիր եմ վերցրել: Չգիտեմ՝ ի՞նչ են ուզում անեն: Բայց ինձ պետք չի, ես հասկանում եմ՝ ինչը կարելի է, ինչը՝ չի կարելի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև