Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն գտել է Աստծո հետ կապը եւ նշել այդ մասին ծրագրում

Ապրիլ 24,2012 15:20

Բոլոր կուսակցություններն անուշիկ բաներ են գրել իրենց նախընտրական ծրագրերում, իսկ թե ինչպես պետք է դրանք իրականացնել, «պատմությունն այս մասին լռում է»: ՀՀԿ ծրագիրը, բնականաբար, համեմված է Նժդեհով եւ գեղեցիկ, պաստառային ձեւակերպումներով. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը»:

ՀՀԿ ծրագրում անդրադարձ կա անգամ մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապին, որն ըստ ՀՀԿ-ի՝ «ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհը»:

Հանրապետական կուսակցությունն իր ծրագրում խոստանում է անհատին տալ խորը եւ բազմակողմանի այնպիսի կրթություն, որը կծառայի ազգի եւ հայրենիքի հզորացմանը. «Կրթության համակարգը պետք է ձեւավորի մարդկային եւ ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ` հաղորդակից մարդկայնորեն վեհ հայոց հոգեւոր, գաղափարական եւ բարոյական արժեքներին, նախնիների մեծագործություններին ու կորուստներին` պարզաբանելով մարդկության զարգացման այն օրինաչափությունը, թե մեծագործությունները պայմանավորված են ժողովուրդների ոգու, որով եւ գաղափարի ազնվությամբ ու զորությամբ, իսկ կորուստները` դրանց թուլությամբ»:

Ըստ այդ փաստաթղթի, պետությունը պետք է անվճար միջնակարգ ուսման հնարավորություն ապահովի բոլորի համար եւ հովանավորի առավել օժտվածների բարձրագույն կրթությունը, բայց պարզից էլ պարզ է, որ ոչ անվճար կրթություն է լինում, ոչ էլ հաճախ օժտվածների ճանապարհը բացվում, որովհետեւ շատ հարցեր մեր երկրում լուծվում են միմիայն ազդեցիկության ու ծանոթությունների միջոցով:

Ըստ ՀՀԿ ծրագրի, «Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն ազգի հոգեւոր եւ նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի տոհմիկ կերպարը, աշխարհընկալումը եւ կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր եւ տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր»:

ՀՀԿ-ն նաեւ խոստանում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդնել գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն դարձնել հայագիտության զարգացմանը: Եվ սա այն դեպքում, երբ դիցուք՝ eanc.net-ը, այսինքն արեւելահայերենի ազգային կորպուսը ստեղծվել է ոչ հայաստանյան կառույցների, անհատ լեզվաբանների եւ ծրագրավորողների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, մասնավորապես՝ Corpus Technologies, ՌԴ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30