Վերջերս Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ պրն. Ուբեր Հենելը՝ QPC (Question Prioritaire de Constitutionnalité – սահմանադրականության վերաբերյալ առաջնային հարց) ընթացակարգի վերաբերյալ գիտաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Ստրասբուրգի համալսարանի Իրավաբանական, Քաղաքական գիտությունների եւ Կառավարման ֆակուլտետի ուսանողների առջև, ինչին հաջորդել է հարց-պատասխանը:
2008-ի հուլիսի 23-ին Ֆրանսիայում ընդունված QPC ընթացակարգը ներառվել է Սահմանադրությունում՝ դրա բարեփոխման գործընթացի շրջանակներում և ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ում որեւէ օրենքով մեղադրանք է ներկայացվում՝ իր դատավարության ընթացքում կարող է դիմել Սահմանադրական խորհրդին՝ հարցականի տակ դնելով այդ օրենքի սահմանադրականությունը:
Ստորև ներկայացնում ենք Իրավաբանական, Քաղաքական գիտությունների և Կառավարման ֆակուլտետի ուսանող Էմիլ Սահակյանի ՝ վերոնշյալ դասախոսությունից հետո տրված հարցը և պրն Հենելի պատասխանը:
Էմիլ Սահակյան. «Ես կցանկանայի ձեր կարծիքն իմանալ ինձ հետաքրքրող մի հարցի վերաբերյալ: Բոլորովին վերջերս Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հայտարարեց հակասահմանադրական: Բոլորս տեղյակ ենք նաև, որ 1990 թվին ընդունված «Գեյսոն Ակտ»-ը մի օրենք է, որով քրեականացվում է Հոլոքոստի ժխտումը: Ի՞նչ է սա նշանակում: Առաջինը՝ արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ մենք հիերարխիա ենք կիրառում ցեղասպանությունների միջև: Այսինքն, եթե որևէ անհատ ժխտի հրեաների ցեղասպանությունը Ֆրանսիայում՝ նա կդատապարտվի ազատազրկման, իսկ հայերի ցեղասպանությունը (որը նույնպես օրենքի կարգավիճակ ունի) ժխտողը չի պատժվելու: Ես, բնական է, տեղյակ եմ երկու ցեղասպանությունները տարբերակելու այն փաստարկներին, որոնք առաջադրվել են մասնավորապես պրն. Բադենտերի կողմից (քաղաքական գործիչ, նախագահ Միտերանի պաշտոնավարության ընթացքում՝ արդարադատության նախարար.-խմբ) Նյուրնբերգի միջազգային դատավարության գործոնի պատճառաբանությամբ: Սակայն, իմ կարծիքով, դա չի կարող հանդիսանալ լուրջ փաստարկ առաջինը՝ այն պատճառով, որ Նյուրնբերգի դատավարությունը չի հռչակել Հոլոքոստը որպես ցեղասպանություն, այլ պարզապես դատապարտել է նրանց, ովքեր իրականացրել են այդ ոճրագործությունները, և երկրորդ՝ 1919-1920 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում դատարանը նույնպես դատապարտել և մեղադրել է հայերի կոտորածն իրականացնողներին:
Կարդացեք նաև
Եվ երկրորդ՝ Ձեր ելույթի թեմային անդրադառնալով ուգում եմ ասել, որ իմ կարծիքով՝ QPC ընթացակարգի առկայությամբ այս բանավեճը վտանգավոր դուռ է բացում, քանի որ այդ ընթացակարգի համաձայն յուրաքանչյուր ոք կարող է հարցականի տակ դնել «Գեյսոն Ակտի» սահմանադրականությունը, ինչի հետևանքով Ֆրանսիան կհայտնվի քաղաքականապես երկիմաստ (կամ գրեթե լուծում չունեցող) իրավիճակում»:
Ուբեր Հենել. «Ես պետք է ձեզ հիասթափեցնեմ, ես պատասխան չունեմ: Ես ներկա չեմ գտնվել այդ քննարկմանը՝ այլ վայրում գտնվելու պատճառով: Ես ենթարկվում եմ վերապահում ունենալու խստագույն պահանջին և ես չեմ կարող մեկնաբանել Սահմանադրական խորհրդի որոշումը: Սակայն կարող եմ Ձեզ խորհուրդ տալ ուսումնասիրել Սահմանադրական խորհրդի կայքը և մասնավորապես՝ այն մեկնաբանությունները, որոնք բացատրում են վերոնշյալ քննարկման որոշման պատճառաբանությունը և հասունացումը: Եթե մենք խորանանք բոլոր այն տեխնիկական ասպեկտների մեջ, որոնք դուք ինքներդ ներկայացրեցիք, մենք չենք ավարտի այս բանավեճը: Սահմանադրական խորհուրդն ասել է, որ մենք չենք կարող արգելել պատմաբաններին քննադատաբար ուսումնասիրել այս խնդիրը, դա խոսքի ազատություն է: Խորհուրդը ավելի հեռու չի գնացել: Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել: Ներող եղեք»:
Էմիլ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թույլ է տալիս իրեն չհամաձայնել պրն. Հենելի հետ և որ ամենակարևորն իր հարցադրման մեջ թերևս այն է, որ «եթե որևէ ազգայնական կամ նույնիսկ քաղաքական շանտաժ կիրառելու նպատակով այդ քայլին դիմող որևէ անձ հայտարարի, որ Հոլոքոստ տեղի չի ունեցել և իր դատավարության ժամանակ դիմի Սահմանադրական խորհրդին՝ վիճարկելով «Գեյսոն Ակտի» սահմանադրականությունը, Սահմանադրական խորհուրդը կհայտնվի գրեթե անելանելի իրավիճակում»: