Լրահոս
Օրվա լրահոսը

Թալեաթի «անհեթեթ» հարցը եւ այլ փաստեր Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլ 24,2012 14:34

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (անգլերեն՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն. 1892-1923թթ. զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Ցեղասպանություն (հուն. γένος – ցեղ և լատիներեն՝ caedo ) — միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի` որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացում հետևյալ կերպով`
1.Խմբի անդամների սպանություն,
2.Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
3.Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
4.Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
5Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն: Ցեղասպանության տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինը`1915թ.-ապրիլի 24-ի դեպքերը որակել է իբրեւ ցեղասպանություն:

Սկսած առաջին աշխարհամարտից՝ երիտթուրքերին հնարավորություն էր ընձեռվնում  հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ։ Երիտթուրքերը իրականացնում են դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։
Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթար։

 

 

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավեցին նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Թուրքական սրի զոհը դառանՍիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ… Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ… Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին: Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 – 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 000: Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000,  իսկ 1920-1922 թվականներին արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ։ Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 640 000 հայ։

Ըստ Հարի Շթյումերի վկայության, ով 1915-1917թթ. եղել էր Կոստանդնապոլսում որպես գերմանական «Քյոլնիշեն Ցայթունգ» թերթի թղթակից, Թալեաթ փաշան ժանակին եղել է փոստատար, ապա աշխատել որպես հեռագրիչի օգնական փոստային տարբեր բաժիններում:

 

Թուրքական արխիվներում հայտնաբերվել է թուրք զինվորի մի նամակ՝ ուղղված իր եղբորը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Եղբայր, երեկ մենք սպանեցինք շուրջ 200 հայ՝ շներին կերակրելու համար»:

Մինչ 1915թ.ի ցեղասպանությունը երիտթուրքերը մեղադրում էին հայերին դավաճանության մեջ, քանի որ կարծում էին, թե հայերն ու ռուսները կազմել են քրիստոնեական դաշինք եւ դավաճանել թուրքերն ռուսների հետ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Երիտթուրքերի լոզունգը հնչում էր՝ Թուրքիան միայն թուրքերի համար է, ու նրանք խոստանում էին երկիրը մաքրել քրիստոնիաններից:

Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն բանաստեղծը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը:


1913-1916թթ Կոստանդնապոլսում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը պատնել էր` մի անգամ Թալեաթ փաշան իրեն էր դիմել, իր խոսքերով, երբեւ է լսած ամենաանհեթեթ ու սոսկալի հարցով. «Օրերից մի օր Թալեաթ փաշան ինձ դիմեց մի հարցով: Դա երեւի ամենասոսկալի հարցն էր, որ երբեւէ լսել էի: Ապահովագրական ընկերությունները, օրինակ՝ Նյու-Յորք ինշուրանսը, երկար տարիներ լավ գործարքներ են կատարել հայերի հետ` ես կցանկանայի, որ դուք կարողանայիք համոզել այդ ապահովագրական ընկերություններին՝  մեզ տրամադրեին բոլոր ապահովագրված հայերի ամբողջ ցուցակը: Նրանք բոլորն էլ արդեն մահացած են եւ իրենցից հետո ոչ մի ժառանգ չենք թողել , որպեսզի ստանային փոխհատուցումը, հետեւաբար այժմ ժառանգ կարող է լինել կառավությունը»,- հիշել էր Մորգենթաունը, սակայն հայցը չէր ընդունել:

Քանի որ հայերի կոտորածների ողջ ընթացքում եւ ոչ մի օգնության կոչ չէր հասնում երկրից դուրս, վարդապետ Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) հաճախ քաղաքի հրապարակներում երգի միջոցով հայ ժողովրդին ուղղորդում էր, որ ամեն կերպ աշխարհին տեղեկացնեն ,թե ինչ է կատարվում հայերի հետ: Նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվեց։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտեցին կառավարության որոշմանը և Կոմիտասը ազատվեց։ Հետագայում Կոնիտասը մեկնեց Փարիզ, ուր եւ 1935թ-ին մահացավ հոգեբուժական կլինիկայում:

 

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան: Դատին ներկա է եղել նաեւ (Genocide-Ցեղասպանություն) բառի հեղինակ,ա յդ ժամանակ դեռ լեհ երիտասարդ ուսանող Ռաֆայել Լեմկինը:

1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 50 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: Ծրագիրը կոչվել է «Նեմեսիս» անվամբ: Գաղտնի կազմակերպության անդամները հիմնականում գնդակահարելով սպանել են թուրք ոճրագործներին. 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին, 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին, 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին: 1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ, որոնց թվում էր Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին: Աղբյուրը`operationnemesis.com:

 

 

Ծիծեռնակաբերդ` Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ): Ըստ ավանդության՝ Ծիծառնակաբերդ անունը այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին իրար լուրեր փոխանցելուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

 

Դեռեւս 2007թ.-ին այդ ժամանակ սենատոր Բարաք Օբաման, ԱՄՆ-ի կոնգրեսի պալատում իր ելույթի մեջ 1915թ.-ի դեպքերը որակեց որպես ցեղասպանություն:Այսօր ԱՄՆ-ի 44 նահանգ պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:

 

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը,ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ և այլն։ Ստորեւ ներկայացնում ենք այն պետությունները, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուրուգվայ (1965 թվին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004-ին` օրենքով)
Կիպրոս (1982 թվին` Պառլամենտի բանաձևով)
Եվրամիություն (1987-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2005-ին` Եվրապառլամենտի բանաձևերով)
Արգենտինա (1993-ին և 2005-ին` Սենատի բանաձևով, 2004-ին` օրենքով)
Ռուսաստան (1995ին` Պետդումայի բանաձևով)
Կանադա (1996-ին, 2002-ին և 2004-ին` Պառլամենտի բանաձևերով)
Հունաստան (1996-ին` Պառլամենտի բանաձևով)
Լիբանան (1997-ին, 2000-ին` բանաձևերով)
Բելգիա (1998-ին` Սենատի բանաձևով)
Ֆրանսիա (1998-ին և 2000-ին` խորհրդարանի որոշումներով, 2001-ին` օրենքով)
Շվեդիա (2000-ին` Պառլամենտի զեկույցով)
Վատիկան (2000-ին)
Իտալիա (2000-ին` բանաձևով)
Շվեյցարիա (2003-ին` բանաձևով)
Սլովակիա (2004-ին` բանաձևով)
Նիդերլանդներ (2004-ին` բանաձևով)
Լեհաստան (2004-ին` բանաձևով)
Վենեսուելա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
Գերմանիա (2005-ին` Պառլամենտի բանաձևով)
Լիտվա (2005-ին՝ բանաձևով)
Չիլի (2007-ին՝ բանաձևով

Աղբյուրը` genocide.am.

 

 

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30