Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակությին կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև:
«Ո՛չ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպեցին ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին հանձնեցին անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:
Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացավ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արմեն Բայանդուրյանը և Հարություն Հովհաննիսյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թբիլիսիի հայկական թատրոնի ստեղծագործական խմբի կողմից ներկայացված գրական կոմպոզիցիան հիմնված էր հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի ոգեկոչման և համայն հայության արդարատենչ հաղթանակի դրվագների վրա:
Նույն օրը երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Վառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն:
Դեսպանության առջև հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր ուղղեց թուրքական իշխանություններին: Երթի մասնակիցները կոչ արեցին Թուրքիային՝ սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև և ճանաչել Մեծ եղեռնը:
Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ