Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ կարելի է նկատել, որ այստեղ որեւէ խոսք չկա Հայ Դատի, կամ ԼՂՀ հարցի կարգավորման հիմնահարցերի վերաբերյալ: Փոխարենը կոմունիստները կարծում են, որ 1990-ական թվականներից սկսել եւ առ այսօր տեղի են ունենում քաղաքական, տնտեսական խոշոր հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ ժողովուրդը պատասխան է պահանջելու:
ՀԿԿ-ն կարծում է, որ համակարգի եւ դրա հիմնադիրների վրա ծառացել է համաժողովրդական նզովք:
Կոմունիստների նախընտրական ծրագիրը սկզբից մինչեւ վերջ կոմունիստական կարգերի գովքն է: Ծրագրով գովերգվում են հայ-ռուսական հարաբերությունները եւ կարեւորվում դրանց հետագա զարգացումը: Կոմկուսի նախընտրական ծրագրում ազգային նշանակության հարցերը ստորադասված են կենցաղային հարցերի լուծմանն ուղղված ծրագրերին: Կոմունիստները չեն ցանկացել իրենց վրա պատասխանատվություն վերցնել ԼՂՀ հարցի կարգավորման մեխանիզմներ առաջարկելու առումով, փոխարենը առաջարկում են աստիճանաբար անցնել անվճար բնակարանի, կրթության տրամադրմանը եւ առողջապահական անվճար համակարգին, ուշադրության կենտրոնում պահել սովետական կրթական համակարգը եւ անցնել 10-ամյա կրթահամակարգին:
Կոմունիստները խոստանում են վերացնել «հելանք , ապե, հոպար» ժարգոնային բառապաշարը եւ բարձրացնել դպրոցների տնօրենների պատասխանատվությունը, հայոց լեզվի դասավանդման մակարդակը:
Կարդացեք նաև
Կոմունիստների գլխավոր նպատակներից է ժողովուրդ-բանակ միության ամրապնդումը: ՀԿԿ-ն ամեն կերպ պայքարելու է, որ բացառի ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մուտքը Հայաստան:
Կոմունիստները դիմում են բանվորներին, հանքափորներին և արտադրության մյուս ճյուղերի աշխատակիցներին, արհմիություններին, գյուղացիներին, մտավորականներին, երիտասարդությանը, դպրոցականներին՝ նշելով, որ երկիրը և նրա ողջ սեփականությունը պատկանել է իրենց և պետք է կոմունիստները վերադարձնեն այդ իշխանությունը:
Չնշելով որեւէ թարմ ծրագիր՝ Կոմկուսն այնուամենայնիվ վստահ է, որ հենց ինքն է լինելու ժողովրդի փրկիչը:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ