Aravot.am-ի հետ զրույցում վերստին անդրադառնալով տեղամասային ընտրական հանձնաժողովներից մի քանիսում «Ժառանգության» կողմից անդամների նշանակումը տապալելու խնդրին, որն, ի դեպ, հավելյալ կասկածներ է առաջացրել այդ կուսակցության եւ ՀՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ շրջանառվող դատողությունների համատեքստում, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե «տեղի ունեցածը նոր եւ հատուկ բացատրության կարիք չունի ու մատնացույց արեց, թե դրա մասին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն արդեն խոսել ու բացատրել են: «Ասվել է, որ տեղի ունեցածը համակարգչային, տեխնիկական պատճառներ է ունեցել: Շահարկել այս ամենը՝ ըստ սեփական փորձի եւ թողած հետագծի, կարծում եմ, արդարացի չէ, առավել եւս, որ «Ժառանգությունը» մինչ օրս տարբեր ընտրությունների է մասնակցել ու նման խնդիր երբեք չի ծագել, երբեք չի մեղադրվել այլ կուսակցությունների հետ պայմանավորվածությունների մեջ»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
Երբ մենք հիշեցրինք, որ նախորդ ընտրությունների հետ կապված նման մեղադրանքներ, այնուամենայնիվ, եղել են եւ հենց ՀԱԿ-ականների կողմից, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց՝ ասելով, թե կոնկրետ այն անձը, ում այդ մեղադրանքներն ուղղված էին այն ժամանակ՝ այսօր ՀԱԿ-ի թիմում է (խոսքը ԿԸՀ-ում «Ժառանգության» նախկին ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի մասին է- խմբ.):
Ավելին, Մարտիրոսյանն ասաց, թե նույնիսկ «Հանրապետություն» կուսակցությունից էին իրենց դիմել՝ «Ժառանգության» ցուցակներով հանձնաժողովի անդամի որակավորման դասընթացներ անցնելու եւ համապատասխան լիցենզիա ստանալու խնդրանքով, ինչը բավարարվել է, ու այդ մարդիկ ընդգրկվել են հանձնաժողովներում, եւ որեւէ խնդիր չի եղել:
«Ինչ վերաբերում է այն տեղամասերին, որտեղ մեր հանձնաժողովների անդամները դուրս են մնացել, ապա այնտեղ մեր բացակայությունը կփոխհատուցենք վստահված անձանց միջոցով: Մենք հատուկ ուշադրության տակ ենք առնելու հատկապես այդ ընտրական տեղամասերն ու այնտեղ ունենալու ենք առավել փորձված վստահված անձինք, որոնք առաջին անգամ չէ, որ մասնակցում են ընտրական պրոցեսներին եւ ապացուցել են, որ ունակ են ապահովելու մեր ստանալիք քվեները եւ արդար ընտրությունների անցկացումն այս տեղամասերում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ