Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորս ճչոցը լսեցի, սպանեցին…». Քիշմիշ տատիկը չի ցանկանում հիշել կյանքի «ամենասեւ» օրերը

Ապրիլ 24,2012 13:46

104-ամյա Քիշմիշ տատիկն ապրիլի 24-ին իրեն միշտ վատ է զգում: Դողում է, տարբեր բառեր արտասանում, լաց է լինում, տխրում է:  Հիշում է՝ այդ օրերն  իր համար  ամենասեւն էին: «Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, – ասում է նա, – որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես ողջ մնացինք»:

Քիշմիշ տատիկը չորս եղբայր է ունեցել: Ինքը մեծ երեխան է եղել ու ինչպես պատմում է՝ բոլորին էլ ինքն է փրկել մահից: Ղարսում են ծնվել, մեծ ու կավից տան մեջ:

«Արշակը, Արամը, Գևորգը, Վարազդատը, – հիշում է Քիշմիշ տատիկը,- բոլորն էլ ժիր երեխաներ էին: Հայրս ու մայրս մեզ լավ էին պահում, երկուսն էլ հողագործ էին: Օրերից մի օր մեր գյուղ մի խումբ թուրքեր եկան, հրամայեցին, որ բոլոր տղամարդիկ հավաքվեն գյուղամիջում: Հայրս էլ էր գնում, լաց էինք լինում նրա հետևից: Տարան ու էլ չբերեցին, նրան այլևս չտեսանք: Մայրս մի կերպ էր մեզ պահում, չէր հասցնում. միշտ սոված էինք»:

Քիշմիշ տատիկը պատմում է,որ գյուղում հետո շշուկներ են տարածվում, թե իբր շուտով բոլորին տանելու են:

«Միանգամից լցվեցին, – դողալով պատմում է նա, – լավ եմ հիշում՝ Վարազդատի հետևից էի վազում, որ բռնեմ, հետո մորս ճչոցը լսեցի, սպանեցին…»:

Հետո էլ ոչինչ չի հիշում, պատճառաբանում է, շատ էր վախեցել.

«Մորս երբ տեսա,  աչքերիս դեմը սևացավ, – ասում է նա, – հետո հիշում եմ, որ եղբայրներիս հետ քայլում էի:Դեռ փոքր էին, հերթով գրկում էի: Ինձնից էին հաց ուզում: Ես էլ լաց էի լինում, անընդհատ,որովհետև ես էլ էի սոված: Թույլ չէի տալիս, որ մոտենան եղբայրներիս, հավաքել էի շուրջս ու մի կերպ առաջ էի գնում: Բոլորն իրար հետևից մահանում էին»:

Քիշմիշ տատիկը շատ բաներ չի հիշում, ծերացել է. «Չեմ հիշում թե ինչպես, բայց Թիֆլիս հասանք:Ես աշխատասեր աղջիկ էի, ու դաշնակներն ինձ ու եղբայրներիս իրենց տուն տարան: Աշխատում էի նրանց տանը, հավաքարար էի»: Մի քանի երիտասարդի կյանք էլ է փրկել, պատմում է. «Հեղափոխականներ էին, բերել էին ու փակել տանը: Հետո լսեցի, որ առավոտյան սպանելու են: Գիշերը գնացի ու բաց թողեցի նրանց»: Գնալուց առաջ երիտասարդներից մեկը Քիշմիշին մի թուղթ է տվել: « Անունը հիշում եմ՝ Լիպարիտ Մխչյանն էր, թուղթը տվեց ու ասաց, որ էդ թղթով կյանքս կփրկվի»: Չի հավատացել, թուղթը պատռել է: «Միամիտ էի, մտածեցի խաբում է: Կարևորն այն էր, որ մարդու կյանք եմ փրկել»: Քիշմիշի եղբայրներից երեքը պատերազմից հետ չեն վերադարձել, ինքն էլ ամուսնացել ու երեք տղա է ունեցել, բայց երեխաներից մեկին կորցրել է: «Աղքատ էինք, տարա ու երեխայիս թողեցի նստարանի վրա: Հետո էլ երբեք չտեսա նրան»: Քիշմիշ տատիկը պատմում ու լաց է լինում: «Այն ինչ տեսել եմ ոչ պատմել, ոչ էլ մոռանալ կլինի», – ասում է նա:

Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30