Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, Հայ Դատ, ազգային գաղափարախոսություն. սրանք այն հիմնահարցերն են, որ տեղ են գտել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քաղաքական ծրագրերում:
Aravot.am-ն ուսումնասիրեց «Միավորված հայեր» կուսակցության (ՄՀԿ) ծրագիրը, պարզելու՝ նշված խնդիրների լուծման կապակցությամբ ինչ է առաջարկում քարոզարշավի ընթացքում ոչ այնքան ակտիվ հանդես եկող քաղաքական այս ուժը: Պարզվեց, ՄՀԿ-ն ազգային հոգեկերտվածքի եւ բարոյականության տեսանկյունից նպատակահարմար է համարում հայոց բուն թվականության վերականգնումը մ.թ.ա. 2492 թվականից, պետականորեն օգոստոսի 11-ը որպես հայոց նոր տարվա՝ Նավասարդի նշումը, Երեւան քաղաքի Էրեբունի անվան պետականորեն վերականգնումը:
Թե նշված փոփոխությունների արդյունքում արդյոք հայերի ազգային նկարագրից կվերանա՞, օրինակ, օտարամոլությունը, կամ արդյոք հայերն ավելի քի՞չ կսկսեն լքել Հայաստանը, կամ արդյոք Երեւանում անվան փոփոխությունից հետո մարդիկ ավելի բարեկեցի՞կ կապրեն, պարզ կլինի այն ժամանակ, երբ ՄՀԿ-ն հաղթահարի ընտրողների ձայների 5 տոկոս նվազագույն շեմը եւ մուտք գործի խորհրդարան:
Մյուս ազգային նշանակության խնդիրը՝ Հայ Դատը, ըստ այս կուսակցության՝ պետք է դառնա ընթացիկ եւ ապագային միտված ազգային-պետական քաղաքականության առանցքային հարց: Նկատենք, որ այս առումով իր քաղաքական ծրագրում ՄՀԿ-ն լուծվան որեւէ ճանապարհ չի առաջարկում:
Կարդացեք նաև
ԼՂՀ հարցի կարգավորման առումով էլ կուսակցությունն անհրաժեշտ է համարում միջազգային կառույցների հետ ԼՂՀ-ի ինտեգրման նպաստումը՝ որպես Արցախի ինքնորոշման եւ անվտանգության գրավական, հակառակ դեպքում ՄՀԿ-ն առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը ՀՀ կողմից:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ