Aravot.am-ը դիմեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին՝ փորձելով ճշտել, թե հնարավո՞ր է արդյոք, որ կուսակցությունը միանա ՀՀԿ գործադիր մարմնի մշակած՝ «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններին», որը հրապարակվել է երեկ եւ բաց է ոչ միայն ընտրական գործընթացի մասնակից ուժերի, այլեւ ընտրական գործընթացին առնչվող հասարակական շարժումների ու հասարակական կազմակերպությունների համար:
«Ողջունելի է, որ իշխող կուսակցությունը կարեւորում է քաղաքակիրթ քարոզարշավի, հռետորաբանության եւ քաղաքական բարձր մշակույթի ու վարքագծի կարեւորությունը ազատ եւ արդար ընտրությունների առումով: Առավել ողջունելի կլինի, եթե առաջիկայում տեսնենք, որ դրա առաջին կիրռողը հենց ինքն է: Առավել քան կարեւոր է, որ ընտրությունների օրինականությունը ապահովեն պետական մարմինները: Երեկ, ճակատագրի հեգնանքով, մի տհաճ փաստ է արձանագրվել Սյունիքի մարզում` Քաջարանում, որտեղ միտումնավոր պատռվել է «Ժառանգության» քարոզչական մեծ վահանակը /բիլբորդ/: Սա այն մարզն է, որտեղ իշխող կուսակցությունը շատ ուժեղ դիրքեր ունի` ի դեմս ՀՀԿ ցուցակում տեղ զբաղեցնող մարզպետի, ու ամենուրեք գործող ՀՀԿ գրասենյակների ու ակտիվի: Եթե նրանք պետական մամինների հետ համատեղ բացահայտեն, թե ով է այդ այլանդակության հեղինակը եւ պատժեն, ապա՝ ավելի քան կհամոզվեմ, որ իշխանությունն ու ՀՀԿ-ն իսկապես ոչ միայն իրենք են հարգում ստորագրված փաստաթուղթ, այլեւ հետեւողական են ընտրական գործընթացի մասնակիցների դեմ նմանօրինակ ոտնձգությունները պատժելու հարցում»:
ՀՅԴ ԳՄ անդամ եւ կուսակցության քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանն էլ Aravot.am-ի հետ զրւոյցում ասաց, թե հիմա ոչինչ չի կարող ասել այդ փաստաթղթին Դաշնակցությանը միանալ-միանալու առնչությամբ, քանի որ այդ հարցը դեռ նոր պիտի կուսակցությունում քննարկեն: Սեյրանյանը նաեւ շեշտեց, որ նման նախաձեռնությունները ՀՅԴ-ն չի կարող քննարկման առարկա չդարձնել:
Հավելենք, որ այսպիսի նախաձեռնությամբ դեռ շաբաթներ առաջ հանդես էր եկել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որի նախաձեռնությանը, սակայն, այն ժամանակ քաղաքական ուժերից միայն ՕԵԿ-ն էր, որ արձագանքել է:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ