Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակաբերդը գերեզմանոց չէ, փոսի միջով էլ արյուն չի՛ հոսում»

Ապրիլ 24,2012 13:12

Ըստ հոգեբանի՝ սգո օրերին իրականացվող միջոցառումներին չպետք է մասնակից դարձնել երեխաներին

«Երեխայի ուղեղը մի ծանրաբեռնեք եղեռնի թեմայով ձեր ահասարսուռ պատմություններով: Ասում են՝ թուրքերը սպանել են հայերին, մորթել են, կախել, վառել, մամաների փորը թրերով բացել ու չծնված բալիկներին այնտեղից հանել… Ահա այսպես են նկարագրում իրենց թոռնիկներին, զավակներին ծնողներն ու հարազատները, երբ փորձում են 4-5 տարեկան երեխային բացատրել, թե ինչու են իրենք գնում Ծիծեռնակաբերդ, եւ ինչ է տեղի ունեցել 1915 թվականի ապրիլի 24-ին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Սվետլանա Հարությունյանը՝ նշելով, որ երեխայի ուղեղը պատրաստ չէ լսել ու ընկալել այսպիսի պատմություններ: Ըստ նրա, սխալ է փոքրիկներին սգո օրերին իրականացվող միջոցառումներին մասնակից դարձնելը: Հոգեբանի մեկնաբանմամբ, երեխային ամեն ինչ էլ կարելի է ասել, բացատրել, տեղեկացնել, բայց այդ ամենը պետք է արվի նրա տարիքին ու զարգացածությանը համապատասխան. «Երեխաներին հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված թշնամանք ներարկելով՝ հայրենասեր չեն դարձնում: Չի կարելի փոքրուց սերմանել, որ թուրքերը վատն են, քանի որ մեզ կոտորել են, մենք ցեղասպանվել ենք, դրա համար նրանց ատում ենք ու անպայման պիտի վրեժ լուծենք: Պարտադիր վրեժ լուծելու գաղափարը երեխային դարձնում է ագրեսիվ: Իսկ այդ ագրեսիան կուտակվելով՝ մի օր կփայթի ու կվնասի հենց այդ բալիկին»:

Ըստ Ս. Հարությունյանի՝ հայերն իրենց սովորության համաձայն՝ ամեն տարի ապրիլի 24-ին բռնում են փոքրիկի ձեռքն ու նրան Ծիծեռնակաբերդ քարշ տալիս: Ամբոջ ճանապարհին երեխան ոտքի տակ է ընկնում, ահավոր հոգնում ու ընթացքում լսում ծնողների մեկնաբանությունները՝ կապված Եղեռնի զոհերի հիշատակի հետ: Հոգեբանը գտնում է, որ այս ամենը պետք է այլ կերպ անել: «Նախ եւ առաջ եղեռնի հետ կապված պատմություններում հարկ է զգույշ լինել, ոչ մի դեպքում երեխային վրեժ «չներարկել», պարզապես ներկայացնել սուգը հնարավորինս մեղմ ձեւով: Ոչ թե հենց ապրիլի 24-ին երեխային տանջելով պետք է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանել, այլ ավելի հարմար օրերի, որ չհոգնի, կամ այդ աժիոտաժը տեսնելով վախենա ու մտածի, որ այդ ամենը հենց նոր է կատարվել: Երբ երեխան պատրաստ կլինի ապրիլի 24-ին գնալ եւ ծաղիկ դնել Եղեռնի զոհերի հիշատակին, առանց ձեզ ավելորդ հարցեր տալու՝ այն ժամանակ էլ նրան կտանեք»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

Ս. Հարությունյանն ասում է, որ հաճախ ծնողներն իրենք են վախեցնում իրենց երեխաներին, հետո զարմանում, թե ինչից կամ ինչպես պատահեց, որ այդպես եղավ: Բայց, ըստ նրա՝ գույները խտացնելով, դաժան պատմություններ պատմելով՝ երեխային չես կրթի: Հոգեբանը նշում է, որ հաճախ նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ կապված պատմություններն են չափազանցեցվում. «Մի անգամ, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի ճանապարհին երեխայի հարցին, թե ինչու են մարդիկ այսքան ծաղիկ բերել այստեղ եւ ինչ կա այդ ծաղիկների հետեւում, փոսի մեջ, մայրը 6 տարեկան տղային տվել է հետեւյալ բացատրությունը. ծաղիկների հետեւում գերեզմանոց է, փոսի մեջ էլ թուրքերի կողմից սպանված մարդկանց արյունն է հոսում: Այսինքն՝ ծնողի անհեթեթ պատասխանն անգիտակցաբար խաթարել է փոքրիկի հոգեբանությունը: Երեխան սթրեսի մեջ էր, շոկ էր ապրել: Վախեցել էր, ու նրան անընդհատ թվում էր, թե թուրքերը՝ մեր ոխերիմ թշնամիները, էլի եկել են հայերին սպանելու: Այդ վախից երեխան սկսել էր կակազել: Հոգեբանական օգնություն ցույց տալուց ահագին երկար ժամանակ անց տղայի մոտ գրեթե անցավ ամեն վայրկյան հետապնդվելու, սպանվելու վախը, իսկ կակազելը՝ ոչ: Աբսուրդ վիճակ էր: Ես կարծում եմ, այս հարցում նախ պետք է ծնողներին կրթել, հետո նրանց վստահել երեխաներին»,- հավելեց հոգեբանը, ծնողներին խորհուրդ տալով՝ մինչ երեխային եղեռնի թեմայով պատմություններով վախեցնելը՝ ինքնակրթվել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30