Սոֆիայում ավարտվեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Երկու մրցաձեւերում էլ շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ պայքարում էին իրենց քաշային կարգերում եզրափակիչ մտնելու համար, քանի որ, ըստ միջազգային ֆեդերացիայի ընդունած կանոնակարգի, Լոնդոնի ուղեգիր տրվում էր միայն երկու լավագույններին:
Երկու ոճերում էլ Հայաստանը ներկայացված էր յոթ քաշային կարգերից վեցում, քանի որ մեկական ըմբիշ՝ ազատ ոճայիններից 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ հունահռոմեական Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) վարկանիշ արդեն ձեռք էին բերել:
Սկզբում մրցագորգը տրամադրվել էր ազատ ոճայիններին, եւ մեր վեց ըմբիշներից երկուսը կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի տղաներից առաջինը բաղձալի սահմանագիծը հաղթահարեց 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Ու, չնայած, նա վճռորոշ գոտեմարտում պարտվեց, բայց դա արդեն կարեւոր չէր, որովհետեւ արդեն կատարել էր գլխավոր առաջադրանքը՝ Հայաստանի համար այս մարզաձեւում նվաճելով երկրորդ ուղեգիրը:
Կարդացեք նաև
Թիմակցի այս հաջողությունը զարգացրեց 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, որն ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց եւ ոչ մի պարտություն եւ օլիմպիական վարկանիշ նվաճելուց բացի, դարձավ հաղթող:
Մի փոքր ավելի էին սպասելիքները հունահռոմեական ոճայիններից, քանի որ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի թիմում ընդգրկված են ավելի փորձառու ըմբիշներ: Այս տարի երկրորդ անգամ Լոնդոն մեկնելու իրավունք վաստակել չկարողացավ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Թեեւ նրա մոտ առայժմ ինչ-որ բան չի ստացվում, բայց բոլորս էլ լավ հիշում ենք, թե ինչպես բոլորովին վերջերս Բելգրադում անցկացված Եվրոպայի առաջնությունում կողմնակալ մրցավարությունը խայտառակ ձեւով Ռոմանին պարտություն գրանցեց ադրբեջանցու հետ գոտեմարտում: Եզրափակիչ չհասան նաեւ Ալեքսան Միքայելյանը՝ 60 կգ, Սասուն Ղամբարյանը՝ 66, Հրաչյա Հովհաննիսյանը՝ 84: Դրա փոխարեն գերազանց հանդես եկան 96 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը: Նրանք երկուսն էլ հավասարը չունեցան իրենց քաշային կարգերում, ճանաչվեցին հաղթող եւ ուղեգրեր նվաճեցին:
Այսպիսով, մեր երկու հավաքականներն էլ արդեն Լոնդոնի օլիմպիական խաղերի երեքական մասնակից ունեն: Սակայն առջեւում դեռ երկու վարկանիշային մրցաշար կա՝ Չինաստանում եւ Ֆինլանդիայում: Երկու հավաքականներն էլ ապրիլի 25-ին մեկնում են Չինաստան, որտեղ վարկանիշ ստանալու են 1-ից 3-րդ տեղերն զբաղեցնողները, իսկ այնտեղից՝ Ֆինլանդիա: Այստեղ գործելու է Սոֆիայի կանոնակարգը:
Մեր տեղեկություններով, երկու հավաքականներում էլ գլխավոր մարզիչները ըմբիշների փոփոխություններ են կատարել: Արայիկ Բաղդադյանը թիմում թողել է Էդգար Ենոքյանին՝ 96 կգ եւ Ռուսլան Բասիեւին՝ 120: Նրանց հետ Չինաստան կմեկնեն Արթուր Բաղդասարյանը՝ 60 կգ եւ Մուսա Մուրթազալիեւը՝ 74 կգ:
Լեւոն Ջուլֆալակյանը, մեզ հասած լուրերի համաձայն, այս անգամ Ռոման Ամոյանին հանգստանալու եւ անհրաժեշտության դեպքում Ֆինլանդիայում առավելագույնս դրսեւորվելու հնարավորություն է ընձեռում: Նրան փոխարինելու է Ռոբերտ Կիրակոսյանը: 66 կգ քաշային կարգում Չինաստանում մրցագորգ է մտնելու Արամ Ջուլֆալակյանը, 84 կգ-ում՝ Տիգրան Սահակյանը: Իսկ ինչ վերաբերում է 60 կիլոգրամ քաշային կարգին, ամենայն հավանականությամբ ընտրությունը կկանգնի Նարեկ Խաչատրյանի վրա:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ