Լրահոս
Օրվա լրահոսը

Կիթառահարների «պապան»՝ Ջոն Ուիլյամսը նամակ գրեց

Ապրիլ 24,2012 13:06

Իսկ բրիտանական դեսպանատունը մերժեց կիթառահար Վարդան Շահինյանին

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախումբը եւ հրավիրյալ մենակատարները ներկայացրին արեւմտաեվրոպական եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Առավոտի» ուշադրությունը գրավեց կիթառահար Վարդան Շահինյանի եւ նվագախմբի մատուցմամբ հնչած Արմեն Պողոսյանի «Տանգո Մարիաննա» ստեղծագործությունը: Ժամանակին մեզ հետ զրուցած երաժիշտները փաստում էին, թե դասական կիթառի համար ստեղծագործում է միայն կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Եվ դա բացատրում էին նրանով, որ դասական կիթառի երաժշտության հանդիսատեսից հատուկ պատրաստվածություն է պահանջվում, քանի որ ժամանցային արվեստում կիթառը մեծամասամբ հանդես է գալիս իբրեւ նվագակցող, լավագույն դեպքում էլ կիթառով մատուցվում է ֆլամենկո ոճի երաժշտություն: Մեր զրուցակիցը՝ կիթառահար Վարդան Շահինյանը, կիսեց այս կարծիքը, հարց ուղղելով. «Իսկ դասական կիթառի երաժշտություն կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել հայաստանյան TV-ներով»: Նա հիշեցրեց, որ ունենք դասական կիթառի հայկական դպրոց, որի հիմնադիրն է Էդուարդ Բադալյանը, իսկ 1990-ականների սկզբից էլ Երեւանի կոնսերվատորիայում բացվել է դասարան. «Բայց ցավով պետք է նշեմ, որ դասախոսներ, դոցենտներ Նունե Բադալյանի, Հակոբ Ջաղացպանյանի դասարանի իսկապես բարձրակարգ երաժիշտները վերջին շրջանում նախընտրում են ստեղծագործել Արեւմուտքում»:

Ռեպլիկին, թե ցանկություն չունի՞ հետեւել գործընկերների օրինակին, կիթառահարը ներկայացրեց 2004թ. իր հետ պատահածը. «Կոնսերվատորիան ավարտելուց հետո (սովորել է Ն. Բադալյանի դասարանում) ձայնագրեցի առայժմ իմ միակ «Էքսպրոմտ» CD-ն, որը հավանության արժանացավ Լոնդոնի թագավորական ակադեմիայի կողմից, նույնիսկ ինչ-ինչ ֆոնդեր հատկացրել էին ուսմանս գումարը՝ 30 հազար ֆունտ ստերլինգ եւ, որ ամենակարեւորն է, կատարումներիս իր բարձր գնահատականն էր տվել կիթառահարների «պապան»՝ Ջոն Ուիլյամսը: Նա նույնիսկ նամակ էր ուղարկել ինձ: Արդյունքում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ինձ կարճ ու կոնկրետ ասաց, որ ես չեմ կարող մեկնել, քանի որ վստահ չեն վերադառնալուս համար: Կարելի է պատկերացնել այդ ժամանակ իմ հիասթափությունը, բայց արվեստն ինձ հաղթեց»: Վարդան Շահինյանը հայտնեց նաեւ, որ իր տարիքում (30 տարեկան է) անիմաստ է համարում մասնակցությունը մրցույթներին, առավել եւս՝ դրսում ստեղծագործելը, քանի որ նվիրվել է մանկավարժական աշխատանքին, դասավանդում է Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում: Դիտարկմանը, թե մանկավարժությունը չի կարող լրացնել բեմական ստեղծագործական բացը, երաժիշտը համակարծիք լինելով՝ ասաց, թե ինքը բեմ է բարձրանում նաեւ ակումբներում, համագործակցում երգիչների հետ: Հաստատելով այն միտքը, թե մեր լայն լսարանին ծանոթ է ոչ թե դասական, այլ ֆլամենկո ոճը, լավագույն դեպքում՝ իսպանացի կիթառահար Պակո Դե Լյուսիայի անունը, արվեստագետը նախ կատակեց. «Լայն լսարանը Վիսոցկուն ու Հախվերդյանին էլ է ընկալում իբրեւ կիթառահարներ, ինձ էլ հաճախ հարցնում են՝ էդ որ կիթառ ես նվագում, բա ինչո՞ւ չես երգում… Միանշանակ սա քարոզչության պակասի արդյուքն է: Ախր դասական կիթառի համար հիանալի սոնատներ ունի գրած նույնիսկ Պագանինին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30