Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներքին լարվածություն կա

Ապրիլ 24,2012 13:03

Թիվ 14 ընտրատարածքում, որտեղից մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը, արդեն այլ թեկնածուներ են մրցակցում:

Արագածոտնի մարզի որոշ տարածաշրջաններ ընդգրկող այս ընտրատարածքում առաջադրվել է երեք թեկնածու՝ Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը՝ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, Վրեժ Մարկոսյանը՝ ՀՀԿ-ից:

Պարոն Մարկոսյանին, բացի ՀՀԿ-ից, սատարում է նաեւ «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը: Հիշեցնենք, որ «Նիգ Ապարանը» վերջին ԱԺ ընտրություններում պաշտպանել է Լյովա Խաչատրյանի թեկնածությունը: Սակայն միությունն այս անգամ սատարում է Մարկոսյանին, որը «Տիգրան Մեծ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է:

Թիվ 14-ում, կարելի է ենթադրել, որ եռաթեւ ուժեղ ընտրապայքար է սպասվում, քանի որ երեք թեկնածուներն էլ ունեն հաղթանակի հնարավորություն: ԲՀԿ-ական Առաքելյանը, որն ամենաերիտասարդ թեկնածուն է, սպորտի բնագավառում երկար տարիներ տարաբնույթ գործունեություն է ծավալել եւ մարզի երիտասարդությունը հիմնականում նրա թեւից է: Նա նաեւ ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանի որդին է: Ռազմիկ Պետրոսյանը, բացի ՀԱԿ-ի թեկնածու լինելուց, նախկին ազատամարտիկ է, ժամանակին ղեկավարել է Ապարան քաղաքը եւ նույնպես ունի իր ընտրազանգվածը: Վրեժ Մարկոսյանին, ինչպես ասացինք, սատարում է «Նիգ Ապարանը», որը թեեւ քաղաքական կառույց չէ, բայց գրեթե բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրություններում ակտիվորեն մասնակցում է եւ վճռորոշ ազդեցություն ունենում:

Թե ինչպես է ընտրատարածքում նախընտրական իրավիճակը, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Նորմալ, հանգիստ գնում է, առայժմ ոչ մի արտառոց բան չկա: Թեկնածուներով առանձին-առանձին հանդիպում ենք ընտրողների հետ»: Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Պետրոսյանի եղբորը՝ Արամ Պետրոսյանին ազատելու են աշխատանքից կամ այլ աշխատանքի են տեղափոխելու: Վերջինս Ապարանի Պայմանագրային գնդի հրամանատարն էր, որը պահպանում է ԼՂՀ  հյուսիսային սահմանը: Թե ինչ ընթացքում է այս գործը, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Այո, եղբորս տեղափոխել են Հրազդանի Զինկոմ, թեեւ դեռ չեն նշանակել»: Հարցին, թե այս տեղափոխումը կապվա՞ծ է իր քաղաքական գործունեության հետ, Պետրոսյանը պատասխանեց. «Ես ինչքան էլ փորձեմ, որ ասեմ՝ չէ, ժամանակը այնպես համընկավ, որ ինձ իրավունք է տալիս այդ կերպ մտածելու: Դա կարելի էր ավելի շուտ կամ ավելի ուշ անել: Ես զինվորական եմ եւ գիտեմ, որ այս ոլորտում կարող է յուրաքանչյուր պահին տեղափոխություն լինի, բայց տվյալ դեպքում, երբ դա համընկավ իմ առաջադրման հետ, ես իրավունք ունեմ մտածելու, որ կապված է իմ քաղաքական գործունեության հետ: Թեեւ եղբայրս էլ էր ուզում տեղափոխվել, 18 տարի առաջնային գծում էր, որից 13 տարին գնդի հրամանատար՝ նույն զորամասում, այն էլ՝ բարձր լեռնային տարածքում: Դե, ամեն դեպքում դա խնդիր չէ: Նույնիսկ կարող եմ ասել, որ դա որեւէ բացասական ազդեցություն չունեցավ, ժողովուրդը այդ վերաբերմունքից ավելի ագրեսիվ տրամադրվեց, որովհետեւ քաղաքականությունը եւ զինվորական ծառայությունը չի կարելի խառնել իրար»: Հարցին, թե ընտրատարածքում իշխանական լծակները օգտագործվո՞ւմ են որեւէ թեկնածուի օգտին, պարոն Պետրոսյանն, առանց անուններ տալու, պատասխանեց. «Իհարկե, օգտագործվում են: Թեկնածու կա, որը ոչ մի ռեսուրս չունի՝ բացի իշխանական լծակից եւ փողի ռեսուրսից: Դրա համար էլ հենց դրանց վրա է հույսը դրել»:

ԲՀԿ-ական թեկնածու Բազմասեր Առաքելյանն ընտրատարածքում լարվածության առկայության մասին ասաց. «Այո, կա լարվածություն, որովհետեւ ուժեղ մրցակցություն կա»: Հարցին, թե որքանո՞վ է իր փոխմարզպետ հայրը օգնում իրեն՝ օգտագործելով փոխմարզպետի լծակները: Թեկնածուն պատասխանեց. «Հայրս ինձ օգնում է որպես հայր եւ որպես իմ շտաբի պետ: Նա այս ժամանակահատվածում արձակուրդում է եւ միշտ իմ շտաբում է, որեւէ լծակի մասին խոսք լինել չի կարող: Դուք չեք կարող գտնել մեկին, ով կասի, թե նա պաշտոնական որեւէ լծակ է օգտագործում իմ քարոզչության համար: Մենք գիտակցում ենք, որ երբեմն լծակներով պարտադրելը եւ ճնշելն ավելի վատ է անդրադառնում թեկնածուի հեղինակության վրա եւ հակառակ ազդեցություն թողնում, մարդկանց ավելի է վանում քեզանից»: Հարցին, թե ինչպես է գնահատում ամենաերիտասարդ թեկնածուն իր հաղթելու հավանականությունը, քանի որ մրցակիցները հաճախ են շեշտում նրա երիտասարդ լինելը, 33-ամյա Առաքելյանը պատասխանեց. «Ես շատ երիտասարդ չեմ, իրենք են մեծ»:

ՀՀԿ-ական թեկնածու Վրեժ Մարկոսյանն «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ նախընտրական իրավիճակը գնահատեց շատ հանգիստ եւ լավ: Իսկ թե ում է համարում իրեն հիմնական մրցակից, պատասխանեց, որ երկու մրցակիցներին էլ, քանի որ երկուսն էլ ուժեղ են: Իսկ թե ինչպես է գնահատում հաղթելու իր շանսերը՝ պատասխանեց. «Մայիսի 7-ին կերեւա»:

 ՆԱԻՐԱ  ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30