Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ դատում են, որովհետեւ չեմ զոհվել»

Ապրիլ 24,2012 13:00

Ասում է գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում ՀԱԿ ակտիվիստ, ազատամարտիկ Ժորա Աթոյանի՝ մոտ 8 ամիս տեւած դատավարությունը: Դատախազը արդեն իսկ պահանջել է նրան ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման. պատճառն այն է, որ Ժորա Աթոյանը մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Ու չնայած նույն մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել մի քանի ազատամարտիկների դեմ, այդուհանդերձ՝ ՀԱԿ ակտիվիստը շարունակում է պնդել, որ քրեական գործը շինծու է, եւ իր նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, քանի որ ինքը իշխանություններին ոչ ձեռնտու մարդ է:

Օրերս Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին մեկ անգամ եւս հայտարարեց ազատամարտիկը: «Դուք՝ լրագրողներդ, դատական նիստերին ներկա եք եղել ու տեսել եք, որ էսքան վկաները, նույնիսկ իրենց վկայակոչած մարդիկ չեն հերքել պատերազմի դաշտում իմ վիրավորվածության փաստը, նրանք միայն ասել են, որ էդ պահին չեն տեսել ինձ, իսկ պատերազմի դաշտում եղած, տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր մարդ շատ լավ գիտի, որ ռմբակոծության ժամանակ երբ որ մարդ խրամատում է, առաջին հերթին ինքը մտածում է իր մասին, գլուխը ոնց թաքցնի, որ հանկարծ չվնասվի, կողքիններին էդ պահին չի կարող տեսնել: Հեչ պարտադիր չէ, որ հենց էդ պահին ինչ-որ մեկը տեսներ, թե ես ինչպես եմ վիրավորվել, բայց փաստ է, որ ես վիրավոր եմ եղել, մարդիկ ինձ շտապօգնությունով դրել-ճանապարհել են, եւ էդ նույն շտապօգնության վարորդը եկել-ապացուցում է, որ ինձ ինքն է տեղափոխել, եւ ի՞նչ վիճակում: Եթե Արթուր Բաղդասարյանի հորեղբոր տղան ինձ պատերազմի դաշտում չի հանդիպել, նշանակում է՝ ես չեմ վիրավորվե՞լ, բայց Արթուր Բաղդասարյանի հորեղբոր տղեն ո՞վ է»,- նեղսրտեց Ժորա Աթոյանը:

«Առավոտը» ազատամարտիկից հետաքրքրվեց՝ եթե անմեղ է, ինչո՞ւ են նրան դատում. «Կոպիտ ասեմ՝ որովհետեւ չեմ զոհվել, չեմ մեռել, իշխանության դեմ էլ էդքան համարձակություն եմ ունեցել խոսելու, քննադատելու: Ես որ ինքնակամ պատերազմ գնացի, հսկայական հիմնարկի՝ էլցանցի տնօրեն էի, պատգամավոր էի, ես կարող էի խիղճս շատ հանգիստ իմ տաք կաբինետում նստել, ի՞նչ էր եղել, մյուսների նման դեմ ու կողմ քվեարկել, մի բան էլ ելնեի հոխորտայի ու քննադատեի, ինչպես որ բոլորն էին անում: Ես նախընտրեցի զենքը, 88 թվականից շարժման մեջ եմ եղել, էնպես որ՝ իմ համար խորթ չէր պատերազմի դաշտ գնալը: Բայց Աստված մի արասցե, երեւի պատերազմ լինի, էսքան վիրավորված, ջղայնացած ինքնասիրությունս տրորած, ոտքի տակ գցած մարդկանց չնայեմ, էլի ելնեմ ու գնամ իմ երկրի համար»,- ասաց Ժորա Աթոյանը:

Մեկ շաբաթից պարզ կլինի, թե ինչ պատիժ կսահմանեն ազատամարտիկի նկատմամբ կամ առհասարակ նրան պատժելո՞ւ են, թե՞ ոչ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30