Փոքր ու միջին ձեռնարկատերերի հոգսը դեռ մի բան էլ ծանրացնում են
«Արտոնագրային վճարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվեցին անցյալ տարվա դեկտեմբերին, որակվում են որպես «ոտքի վրա» ընդունված օրենք: Այդ օրենքի հետ առնչվողները պարզ տեսնում են իրենց սպասվող անհարմարությունները, քանի որ դրանում առկա են որոշ թերություններ: Այս օրերին «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում» հավաքագրվում են գործարարների կողմից ներկայացված առաջարկություններն ու մատնանշած թերությունները, որպեսզի դրանք ներկայացնեն ՀՀ կառավարություն:
Չնայած որ կառավարությունը վստահեցնում էր, թե «նորացված» օրենքը հօգուտ փոքր ու միջին բիզնեսի է, սակայն օրենքն ուսումնասիրելով ու «Առավոտին» դիմած գործարարների դժգոհությունները լսելով՝ պարզ է դառնում, որ այն ամենեւին էլ հօգուտ ՓՄՁ-ի չէ:
«Թարմացված» օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, եւ եթե նախկինում անհատ ձեռներեցը 1 տաքսի էր շահագործում եւ վճարում ամսական 12 հազար դրամ հաստատագրված վճար, ապրիլի 1-ից արդեն պետք է վճարի եռամսյակի համար 20.500 դրամ: Այս գումարը 1 տաքսի շահագործող Ա/Ձ-ի համար ձեռնտու է, սակայն որպեսզի հասցնի անցնել արտոնագրային վճարին, անհատը պետք է նաեւ հասցնի տվյալ եռամսյակի առաջին ամսվա ընթացքում ներկայացնել փաստաթղթերն ու կատարել վճարումները: Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ եռամսյակի համար բարեհաջող վճարը կատարվել է, բայց ընդամենը 1-2 օր հետո ասենք՝ վարորդը հիվանդացել է, մեքենան փչացել է կամ էլ ավտովթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով Ա/Ձ-ն գուցեեւ մեկ ամիս ու ավելի չկարողանա աշխատանքի դուրս գալ, ապա վճարը չի վերադարձվում: Բացի այս, արտոնագրային եռամսյակն արդեն սկսվել է, իսկ բազմաթիվ մարդիկ, ասենք՝ մայիս ամսին են լիցենզիա ստանալու ու սկսելու իրենց գործունեությունը, այս պարագայում նրա դիմումը համարվում է ուշացած, եւ նրանց հարկայինում խորհուրդ են տալիս օգտվել տաքսի-սերվիսներին վերաբերող օրենքի մեկ այլ հավելվածից, ինչը բավականին թանկ է նստում տաքսիստի վրա:
«Նախ՝ այդ մարդը, որը ստիպված է տաքսի-սերվիսների համար նախատեսված արտոնագրային վճարով աշխատել, պետք է 44 հազար դրամ վճարի, որ մի 2 ամիս աշխատի, հետո՝ որպեսզի անցնի 1 մեքենա ունեցող շահագործող Ա/Ձ-ի արտոնագրային վճարին, որի ժամկետը սկսվում է հուլիսի 1-ից, նորից պետք է վճարի 20.500 դրամ: Ստացվում է, որ այդ մարդը կրկնակի, նույնիսկ եռակի վճարումներ է կատարելու»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն այլ տեսակի փոքր ու միջին բիզնեսի, տաքսիներինը շատ ռիսկային է, եւ ուղղակի բոլորի համար եռամսյակի մեկնարկային նույն ժամանակաշրջան սահմանելը ձեռնտու չէ: Նա պարզապես առաջարկում է յուրաքանչյուր Ա/Ձ-ին եռամսյակի մեկնարկային ժամկետ հաշվարկել, երբ դիմումն ու վճարումը կկատարի, այլ ոչ թե բոլորի համար անխտիր ապրիլի 1, հուլիսի 1 կամ հոկտեմբերի 1:
Օրենքի մեկ այլ կետն էլ, որը կրկին 1 մեքենա շահագործող տաքսիստներին է վերաբերում, ըստ պարոն Դոստուրյանի՝ ամենեւին էլ անհատ տաքսիստների շահերից չի բխում: Նրա խոսքերով՝ «Օրենքում շեշտվում է, որ տվյալ մեքենան պարտադիր պետք է աշխատեցնի, ավելի կոնկրետ ասած՝ վարի այն անձը, ում անունով ձեւակերպված է Ա/Ձ-ն: Այսինքն՝ եթե հոր անունով է, բայց հայրը վատառողջ է կամ հոգնած, ու հանկարծ որդին որոշի մի քիչ օգնել հորը՝ մեկ-մեկ տաքսիստություն անել, չի կարելի: Նման դեպքում, եթե հարկայինը հայտնաբերի, որ այդ օրը մեքենան այդ անձը չի վարում, այլ որդին կամ եղբայրը՝ կտուգանվի Ա/Ձ-ն, ու բավականին մեծ գումարով: Այսինքն՝ տվյալ դեպքում մեքենան ոչ Ա/Ձ-ի տիրոջ շահագործման դեպքում որդուն կամ եղբորը դիտարկում են որպես վարձու աշխատող, որի համար Ա/Ձ-ն հավելյալ վճարներ պիտի կատարի: Իսկ վարձու աշխատող ունեցող համարվում են այն ընկերությունները, որոնք մի քանի մեքենաներ են շահագործում»:
Պարոն Դոստուրյանի փոխանցմամբ՝ օրենքի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացրել են պետական եկամուտների կոմիտե, ՀՀ վարչապետին, էկոնոմիկայի նախարարության «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն», որտեղից հ/կ-ի ղեկավարին վստահեցրել են, որ օրենքի թերությունների մասին շատ դժգոհություններ են ստանում եւ նյութեր են հավաքում, որպեսզի առաջարկով դիմեն կառավարությանը:
Օրենքի մյուս բացերի մասին կանդրադառնանք առաջիկայում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ կառավարության արտահերթ նիստում քննարկվեց եւ որոշում կայացվեց հնարավորություն ընձեռել հարկ վճարողներին արտոնագրային վճարները կատարել նաեւ ամսական պարբերականությամբ, ինչպես նաեւ եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածների համար ձեռք բերվող արտոնագրերի համար սահմանել արտոնագրային վճարի՝ ամսական դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր:
«Առավոտ» օրաթերթ