Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մենք չենք բազմաչարչար

Ապրիլ 24,2012 12:37

Երբ դու ինքդ քո մասին ասում ես՝ «բազմաչարչար  ժողովուրդ», դու, առաջին հերթին, նկատի ունես, որ դրանով քո ժողովուրդը տարբերվում է մնացածներից: Այսինքն՝ կան աշխարհիս երեսին ժողովուրդներ, որոնք իրենց պատմության ընթացքում չեն չարչարվել, զրկանքներ չեն կրել, տեղահան չեն արվել: Այդ տրամաբանության համաձայն՝ կան ժողովուրդներ, որոնց տները չեն ներխուժել թշնամիները, չեն սպանել անզեն մարդկանց, չեն բռնաբարել կանանց, չեն վառել եւ թալանել ողջ ունեցվածքը: Դա միայն հայերի հե՞տ է պատահել: Դա մեր ազգային առանձնահատկությո՞ւնն է: Թերեւս, որոշակի տարբերությունն այն է, որ ոչ բոլորի հետ է դա տեղի ունեցել համեմատաբար վերջերս՝ 20-րդ դարում, եւ ոչ բոլոր սպանող-վառող-բռնաբարողներն են թուրքերի նման լկտիաբար պնդում, թե իրենք եւ իրենց պետությունը հայերի նկատմամբ ոչ մի հանցագործություն չեն գործել, մի բան էլ՝ հանցագործը մենք՝ հայերս ենք:

Բայց դարձնել քո վերքը, քո բազմաչարչար լինելը մի տեսակ պարծանքի առարկա, «ազգային բրենդ» եւ դրանով փորձել ինքնահաստատվել, ինձ թվում է՝ սխալ ճանապարհ է: Կառուցել «ազգային գաղափարախոսությունը» «այս փոքրիկ հողակտորում ծվարած, մազապուրծ եղած, ջարդված, կոտորված, բազմաչարչար ազգի» հոգեբանությամբ, իմ տպավորությամբ, մեզ սխալ ուղղությամբ է տանում: Ռուսական կամ խորհրդային պետության կազմում այդ «խեղճանալն» ուներ  իմաստ՝ այդպիսով դու պահպանում էիր քո ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, պատմությունը, ճիշտ է՝ որոշակիորեն աղավաղված տեսքով: Վերջին 20 տարում մենք պետք է մշակեինք Ցեղասպանության վերաբերյալ նոր, խորհրդայինից եւ «սփյուռքահայկականից» տարբերվող  քաղաքական հայեցակարգ՝ թե Հայաստանում այդ հարցն ընկալելու եւ թե աշխարհում այն ներկայացնելու առումով: Բայց մենք դա չարեցինք՝ ուրիշ բաներով էինք զբաղված:

Այժմ էլ ընտրություններով ենք զբաղված՝ մոռանալով, որ դա փոքրիկ մի ժամանակաշրջան է, որի կրքերը մեկ ամիս հետո, այսպես թե այնպես, մարելու են: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» այսօր հայտարարել են լռության օր, որքան հասկանում եմ՝ նախընտրական քարոզչությունից ազատ օր: Ճիշտ նախաձեռնություն է. տհաճ կլինի, եթե այսօր ապրիլի 24-ի կամ որեւէ այլ առիթով  քաղաքական ուժերը դարձյալ իրար կշտամբեն կամ մեղադրեն: Մի օր կարելի է ապրել առանց քաղաքական դատարկաբանությունների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30