Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. «Մարդիկ իրենց խաբված են զգում հավասարապես բոլոր ուժերից՝ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից»

Ապրիլ 24,2012 12:14

Հատված «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանի հարցազրույցը:

 – Քարոզարշավի ժամանակահատվածի կեսն արդեն անցել է, Դուք նաեւ հանդիպումներ եք ունենում ընտրողների հետ։ Ի՞նչ տրամադրություններ ունեն մարդիկ։

 

– Մարդիկ հոգնած են, ծայրաստիճան հուսահատված, լքված։ Նրանք շատ լավ են պատկերացնում իրավիճակը, ամեն ինչ լավ հասկանում են։ Ընդ որում, մարդիկ իրենց խաբված են զգում հավասարապես բոլոր ուժերից՝ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Դա ես զգում եմ ընտրողների հետ իմ հանդիպումների ընթացքում. մարդկանց զգալի մասը ոգեւորվում է, երբ տեղեկանում է, որ անկուսակցական եմ։ Հայաստանում, ցավոք, կուսակցությունները հեղինակազրկվել են, ինչն այս ընտրություններին կարծես ավելի ակնհայտ է դառնում։ Բացի այն, որ կուսակցությունները դարձել են սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկման միավորներ, հիմա քաղաքական ուժերը վերածվել են նաեւ յուրօրինակ ուժային կառույցների, որոնք, պետական կառույցներից հետ չմնալով ճնշում են իրենց անդամներին։ Դա է պատճառը, որ շատերը, հույս չկապելով որեւէ կուսակցության հետ, միաժամանակ մի քանի կուսակցությունների են անդամակցում, սակայն հավասարապես չեն վստահում նրանցից ոչ մեկին։ Նախընտրական քարոզարշավն ավելի տեսանելի դարձրեց դա. բոլոր ուժերը, իրար հերթ չտալով անիրականանալի խոստումներ են տալիս՝ մեկն ուզում է փոխել երկիրը, մի ուրիշը՝ բարգավաճ երկիր է կառուցում, մյուսը՝ նոր Հայաստան… Սակայն ընտրողներն արդեն շատ ավելի պրագմատիկ են դարձել եւ նման խոստումների չեն հավատում։ Իմ բոլոր հանդիպումների ժամանակ ընտրողների ամենաանկեղծ դրական արձագանքը ստանում եմ այն ժամանակ, երբ ասում եմ, որ որեւէ խոստում չեմ տալիս, բացի Սահմանադրությամբ պատգամավորին հատկացված լիազորությունների շրջանակներում ընտրողների իրավունքներն իրացնելը ու այդ իրավունքների պաշտպանման պահանջատեր լինելը։ Շատ-շատերն ուղիղ ասում են, որ ինձ են ընտրելու՝ ազնիվ լինելու, կեղծ խոստումներ չտալու համար։

Հայաստանում այսօր ամենաարժեզրկվածը խոսքն է, որը բոլորը չարաշահում են, սակայն պատասխանատվություն չեն կրում խոսքի, արտասանած բառի համար։ Ի դեպ, շատ տղամարդիկ նույնիսկ չեն էլ տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ մեր ժողովողի կողմից արժանապատվության արտահայտիչ համարվող «տղամարդու խոսք» արտահայտությունն այլեւս կենսունակ չէ, քանի որ ամենաշատը խոսքն արժեգրկում են հենց տղամարդիկ՝ քաղաքական գործիչները, պատգամավորներն ու գործարարները։ Նկատում եմ, որ շատերը հակված են ընտրելու կնոջը, եւ դրա մեջ ես տեսնում եմ նաեւ տղամարդկային կեցվածքի, տղամարդկային անարժանապատվությանը պատասխանելու մարդկանց ցանկությունը։ Հիասթափությունից բացի, շատերն այսօր ապրում են նաեւ վախի մթնոլորտում։ Անցած ընտրությունների փորձից ելնելով՝ մարդիկ մտածում են, որ այս անգամ էլ իրենց ձայնը տալու են մի թեկնածուի, բայց իշխանություններն անցկացնելու են բոլորովին այլ թեկնածուի: Իմ քարոզարշավի, հանդիպումների ընթացքում ես մարդկանց կոչ եմ անում, համոզում եմ, խնդրում եմ ընդամենը մասնակցել ընտրություններին եւ չվախենալ, քանի որ պետական մեքենան, փողն ու այլ լծակներն այնքան զորեղ չեն, որքան թվում է իշխանություններին։ Թեեւ իշխանությունն ամեն ինչ անում է հակառակն ւսպացուցելու համար։ Իմ յուրաքանչյուր հանդիպումից հետո տարբեր մեթոդներով փորձում են ճնշումներ գործադրել հանդիպման մասնակիցների, հատկապես ակտիվ քաղաքացիների նկատմամբ։ Ամենաթարմ օրինակը ԵԿՄ Արաբկիրի տարածքային կազմակերպության անդամների հետ կատարվածն էր, երբ ազատամարտիկ տղաներին ճնշելով՝ ստիպում էին փոխել իրենց կարծիքը, որոշումը։

Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30