Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի շտաբի աշխատակիցները, կասկածներ ունենալով ցուցակների շուրջ, որոշել են անձամբ շրջել տունառտուն եւ ստուգել ցուցակներում նշված բոլոր հասցեներն ու անուն-ազգանունները։ Արդյունքում հսկայական թվով անճշտություններ են հայտնաբերվել։ Ըստ Սուքիասյանի շտաբի աշխատակիցների՝ թիվ 10 ընտրատարածքի ցուցակներում ընդգրկված են եղել 1080 հոգի անհայտ անձինք, 170 հոգի մահացած եւ 674 հոգի, ովքեր գրանցված են շենքերում, տներում, որոնք քանդված են, եւ այնտեղ ոչ ոք չի ապրում։
«Սիլ գրուպի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից տեղեկացանք, որ իրենք ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որտեղից պատասխանել են, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ որոշ անձանց անունները կհանեն ցուցակներից։ Ինչ վերաբերում է քանդված շենքերին, ապա դրանց մասով ոստիկանությունից ասել են, որ ոչինչ չեն կարող անել, այդ անձինք պետք է իրենք դուրս գան գրանցումից։ Սակայն ակնհայտ է, որ այս տարբերակը եւս լուրջ ընտրախախտումների օջախ է։
Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայից վտարված անձինք տարիներ շարունակ պայքարում են իրենց ընտրական իրավունքի համար, քանի որ նրանց տները քանդելուց հետո անունները հանվել են ընտրացուցակներից, եւ քանի որ ոչ մի տեղ հաշվառված չեն, զրկվել են ընտրելու իրավունքից։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»