Հայ ազգային կոնգրեսը Գավառ հասավ նշանակված քարոզարշավի ժամից մեկ ժամ ուշ: Մինչ ՀԱԿ ներկայացուցիչները պատրաստվում էին քարոզարշավի իրենց ելույթներին` նրանց օգնականները տեղադրում էին տեխնիկան. ՀԱԿ-ը մարզի տարածաշրջանում ելույթ էր ունենում «դվիժոկով»:
ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրպանից հանեց նախագահ ՍերԺ Սարգսյանի տարիներ առաջ տված խոստումների ցուցակն ու հարցրեց հավաքվածներին. «Հայկական ընտանիքների եկամուտները երկու անգամ կկրկնապատկվեն: Էդպիսի մեկը կա՞ ձեր մեջ»: Հավաքվածներից մի քանիսն արձագանքեցին, որ գներն են կրկնապատկվել: «Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան, ավտոմեքենա ձեռքբերելու հնարավորություն, արել ա՞: Կենսաթոշակները կբարձրանան երկու անգամ, բարձրացրե՞լ են: Աղքատությունը 23 տոկոսից կդառնա 11 տոկոս, դառել ա 36 տոկոս: Հանրապետությունում ամեն մի երկրորդ մարդն աղքատ է, այդպիսին է Սվազիլենդը, Թանզանիան, Աֆղանստանն էլ զարգանա, 2 տարի հետո մեզնից կանցնի: Մեր ժամանակ ապրուստով 200 երկրների մեջ 75-րդ տեղն էինք, եկավ Քոչարյանը, աճեցրեց, աճեցրեց, դառանք 100-երորդ տեղը, հիմա էլ դառել ենք 130-երորդ երկիրը 193 երկրների մեջ»,- ներկայացնում էր Հրանտ Բագրատյանը:
«Դուք պիտի աղքատ լինեք, որ գաք խնդրեք, ասեք, տվեք մեզ 10 հազար դրամ կաշառք եւ 10 հազարի դիմաց ինչ ասես կանեք: Իրանք ասում են` կլինեք էնքան աղքատ, որ կոնֆետի նման կվերցնեք 5 կամ 10 հազար դրամ կաշառքը: Ամբողջ երկիրը միմիայն թալան ա, միայն մտածում են գողանալու մասին: Էս խուժան կառավարման մասսան պիտի հանվի, եկեք խելքներս գլուխներս հավաքենք, ժողովուրդ»,- հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց Հ. Բագրատյանը:
Իր մեղադրանքն ուղղելով իշխանություններին` Ստեփան Դեմիրճյանը ասաց. «Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդը իր երկիրը լքի: Իրենք ժողովրդի հարստացման կարիքը չունեն, իրենք նստած են հարստության վրա: Բոլոր հանքերը սեփականաշնորհված են բարձրագույն պետական պաշտոնյաների կողմից, մեկ հանքի շահագործումը բավարար է, որ իրենք միլիարդատեր լինեն: Ամեն ինչ իրենց ձեռքում է: Թե ժողովուրդը ինչպես է ապրում, սոված է, թե` կուշտ, իրենց բացարձակապես չի հետաքրքրում: Հայաստանը գնալով դատարկվում է, այս 4 տարում ո՞վ է ավելի լավ ապրում, քան 4 տարի առաջ: Չկա այդպիսի մարդ»:
Կարդացեք նաև
ՀԱԿ առաջնորդը քարոզարշավի իր ելույթում խոսելով ներկայիս կառավարության մասին, այսպիսի որակում տվեց. «Ես իշխանությանը չեմ կառչել ու չեմ կառչելու, ես ինքս կամավոր թողեցի ու հեռացա իմ պաշտոնից: Եվ 40 հոգի իմ հետ հեռացան: Եթե վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական տա, նրա կողքին որեւէ մեկը հրաժարական կտա՞, թե` ոչ: Չի՜ լինի էդպիսի մարդ: Չի լինի ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ նախարարներից որեւէ մեկը: Նրանք ուրիշ բան կանեն, անմիջապես կվազեն ու կմտնեն հաջորդ նախագահի տակ: Դա կոչվում է առնետավազք: Երբ տեսնում են` տերը փոխվեց, վազում են ուրիշ տիրոջ մոտ»:
«Չունենք մեծամասնական թեկնածու այս ընտրատարածքում, ում ուզում եք քվեարկեք, բայց ոչ հանրապետական թեկնածուին, հանրապետականն է այս երկրի ամենագլխավոր չարիքը: Իսկ կուսակցական ցուցակներից ես ձեզ պետք է կոչ անեմ, որ միաձայն քվեարկեք Հայ ազգային կոնգրեսին»,- իր ելույթը եզրափակեց ՀԱԿ առաջնորդը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ