Այսօր Վարդենիսում ՀԱԿ-ի քարոզարշավին եկած բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ո՞ւմ եք պատրաստվում ընտրել՝ պատասխանեցին՝ «Որ մեկը փող տվեց՝ նրան կընտրենք»: Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ ինչքա՞ն փող եք ակնկալում՝ փողով ընտրող բնակիչը պատասխանեց. «փողը զարաֆաթ է: Մեկա նրանք ընտրված-պրծած են, ում կուզես՝ ընտրա»:
Վարդենիսցիներից մեկը՝ Պիպոյան Վալոդը կամ դեռ չէր կողմնորոշվել, կամ վախենում էր հստակ ասել, որ ՀԱԿ-ին է ընտրելու: Նա մե՛կ ասում էր, որ Կոնգրեսին է ընտրելու, մեկ ասում էր, որ գոհ է ներկայիս իշխանություններից: Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ տեղի իշխանությունների կողմից ճնշումներ կան, որ անպայման ընտրեն Հանրապետականին: Այցելում են իրենց տներն ու պարտադրում:
ՀԱԿ-ի հանրահավաքին էր եկել նաեւ ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Վարուժան Շաբոյանը: Մեր հարցին՝ Մանվել Գրիգորյանն ասել է, որ երկրապահները սատարում են Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին՝ Վարուժանն ասաց, որ դա իրեն չի վերաբերում, ինքը ընտրելու է ՀԱԿ-ին: Ավելին՝ երկրապահը անկեղծորեն խոստովանեց. «Սերժ Սարգսյանից զզվում եմ: Ղուրբան այս կուսակցության, անպայման ընտրելու եմ ՀԱԿ-ին՝ ընտանիքով, հարազատներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ