Այսօր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը: Պատճառը, ըստ մեր աղբյուրների, եղել է այն, որ ոստիկանապետը թաքցրել է այս տարածաշրջանի գյուղերի խանութներից ու տներից կատարված գողությունները:
Օրինակ` Ձիթհանքով գյուղի կոմիսիոններից մեկից մոտ 400-500 հազար դրամի գողություն է կատարվել, սակայն ոստիկանապետը հրաժարվել է խանութատիրոջ բողոքը ընդունել, նմանապես գողություն է կատարվել Մարալիկի Նոր Անի թաղամասի խանութներից մեկից, որը դարձյալ անարձանգանք է մնացել ոստիկանության կողմից: Իսկ Քարաբերդում անասնագողություն է կատարվել, ոչխարներ են թռցրել, սակայն ոստիկանությունում անասնատիրոջը ընդհանրապես չեն լսել: Ոստիկանապետին աշխատանքից ազատել են այն պատճառով, որ այս ամենը օրերս հրապարկվել է մամուլում:
Համբարձում Տոնոյանին պաշտոնազրկելու մասին նախևառաջ փորձեցինք ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, որը զարմանալիորեն պատասխանեց, թե ինքը նման տեղեկություն չունի:
Զանգահարեցինք նաև ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին. քանի որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, նա խոստացավ այս մասին պաշտոնական տեղեկություն տրամադրել վաղը` ճշտելուն պես:
Կարդացեք նաև
Իսկ ահա Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանը հաստատեց մեր տեղեկությունը, միայն թե նշելով, որ ինքը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, քանի որ պատրաստվում է թոշակի գնալ, արդեն 55 տարեկան է: Մեր այն հարցին ինքնակա՞մ եք ազատվել, թե ձեզ պաշտոնազրկե՞լ են`գողությունները թաքցնելու մեղադրանքով, նախկին ոստիկանապետն ասաց, որ ինքը ոչ մի գողություն էլ չի կոծկել: Ըստ նրա, նման մի բան է գրվել է, և այս պահին ուսումնասիրություններ են կատարվում: Նա նաև հարկ համարեց նշել, որ ինքը 1981 թվականից աշխատում է այս համակարգում, երկար տարիների ոստիկան է :
Մեր կողմից հավելենք, որ Համբարձում Տոնոյանը Անիի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է մոտ մեկ ու կես տարի, իսկ մինչ այդ նույն տարածաշրջանի փոխոստիկանապետն էր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ