Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Ապրիլ 23,2012 22:23

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլև մեր ապրելու համառության և բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ և մեր կողքին՝ Հայոց Սփյուռք:

Քույրե՛ր ու եղբայրնե՛ր,

Այս օրը կանցնի և մենք կշարունակենք ապրել առօրյա մեր կյանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովույթում, երբ մենք առանձնահատուկ կերպով միասնական ենք, հավաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հենց այդ ակնթարթներից է` ազգահավաքի ու հայրենահավաքի:

Երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, այլև հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք այսուհետև էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել և չենք մոռանա, որովհետև դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:

Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության և կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երևանում ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:

Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով և մանավանդ այն պետությամբ, որն այլևս թույլ չի տալու ցեղասպանական որևէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որևէ մարդու դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30