Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում 30-ամյա Գառնիկ Ավետիսյանը, վարելով «Նիսան» մակնիշի 08 ԼՍ 007 համարանիշի ավտոմեքենան, բախվել է «Բագրատ Շիմալյան» ԱՁ-ում որպես վարորդ աշխատող, տաքսիստ, 50-ամյա Աշոտ Շիմալյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի Տ 4872 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ՃՈ աշխատակիցները և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննությն բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, «Նիսանի» վրայից հանվել էին համարանիշները: Սակայն քննիչի հանձնարարականով, համարանիշները հետ տեղադրվեցին «Նիսանի» վրա:
Դեպքի վայրում հավաքվածները Գ.Շամշյանին պատմել են, որ «Նիսանի» վարորդ Գ. Ավետիսյանը աշխատում է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանի (Կարամելի Հարութ) օգնական, ով այդ մասին նաև հայտնել է քննիչին:
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի