Ապրիլի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց aravot. am-ի երիտասարդական բաժնի՝ «Առավոտ երիտասարդականի» կազմակերպած լուսանկարների մրցույթը՝ նվիրված Գրքի և հեղինակային իրավունքի օրվան: Հիմնադրամում արդեն ցուցադրված են բոլոր լուսանկարները: «Առավոտ երիտասարդականին» և հյուրերին ողջունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը. «Գովելի է, որ նման նախաձեռնություններ եք ունենում, շատ ուրախ ենք, որ դրա մասնակիցն է դառնում նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հենց դուք՝ երիտասարդներդ, կարող եք փոխել ամեն վատը և դարձնել ամենալավը»:
«Առավոտ երիտասարդականի» պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը նույնպես ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մրցույթին: Խոսելով գրքի կարևորության մասին՝ նա ասաց. «Այս մրցույթով մենք կոտրում ենք այն կարծրատիպը, թե երիտասարդները անտարբեր են գրքի հանդեպ»:
Մասնակիցներից Արսեն Սարգսյանը մրցույթի մասին տեղեկացել էր ֆեյսբուքից: Նա ասաց. «Ընկերս ֆեյսբուքյան խմբերից մեկում դրել էր այս հայտարարությունը, ես էլ տեսա այն, և որոշեցի մասնակցել»: Թեև մասնագիտությամբ ֆիզիկ է և պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ չի զբաղվում, բայց վերջինը շատ է սիրում և համարում է իր հոբբին, մրցույթի էլ մասնակցում է առաջին անգամ:
«Առավոտ երիտասարդականի» «Փաստերի լեզվով» էջը նաև նոր մրցույթ է հայտարարել՝ վիկտորինայի տեսքով, ինչի մասին տեղեկություն կարելի է ստանալ «Առավոտ Երիտասարդականի» ֆեյսբուքյան էջից:
Տիգրանուհի Թասլակյան