ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիսավորությամբ բացել են «Վարք հավերժության» խորագրով՝ Մշո ճառընտիրը փրկող կանանց արձանը:
Արձանի բացմանը ներկա են եղել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության առիթով արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:
Հուշարձանի հեղինակ Դավիթ Երևանցին շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին և բոլոր ներկաներին, ում սերն ու համակրանքը քանդակագործը որպես մեծ աջակցություն է գնահատել: Քանդակագործը հատկանշել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը. «Հարգարժա՛ն քաղաքապետ, Ձեր բոլոր աշխատակիցները այս գործին մասնակցել են ամենամեծ սիրով, հարգանքով, համակրանքով ու հավատքով: Արձանը տեղադրելու այս 10 օրերի ընթացքում մենք բարեկամներ դարձանք»,- նշել է Դավիթ Երևանցին:
Մշո ճառընտիրը փրկող կանանց հուշարձանը կանգնեցվել է Երևանի Օղակաձև զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատվածում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն