Լրահոս
Օրվա լրահոսը

Լազարյան ճեմարանի ժառանգորդները

Ապրիլ 23,2012 18:47

Մոսկովյան իրականությունը կարող ենք ձևակերպել մեկ բառով` անվստահություն: Այստեղ կասկածամիտ են բոլորը: Հայերը, նույնպես, բացառություն չէին կարող լինել: Չեն վստահում` ընդհուպ մինչև այս կամ այն հայտնի հային ծանոթացնելը, հատկապես, երբ խոսքը եկվորներին է վերաբերում: Պատճառը` վերջիններիս վարքն է, որ կարող է սկսվել ուզվորությունից` մինչև խաբելը, «քցելը» և այլն: Այստեղ, ընդունված լինելու համար, վստահություն ձեռք բերելու ժամանակը պիտի հաղթահարես:

Ինչևէ, իմ ընկեր Արմեն Խաչատրյանը, ով 2008 թվականի մարտի 1-ից հետո է հայտնվել Մոսկվայում, խուսափելով հալածանքերից, առաջարկեց Լազարյանի անվան N 2042 դպրոցի մասին գրել` նախօրոք չխնայելով դրական գնահատականներն ու բարի խոսքերն այդ հաստատության մասին:

-Մոսկվայում, եթե այս դպրոցը չլիներ, վերջինիս տնօրենի և ընդհանրապես մանկավարժական կոլեկտիվի աջակցությամբ հանդերձ, ես չեմ պատկերացնում` ինչպիսին կլիներ երեխաներիս հոգեվիճակը,- բացատրեց Արմենը:

-Լավ է` մեկ անգամ տեսնեմ, քան տասը անգամ պատմես,- պատասխանեցի ես և հասանք մեր` հայերիս համար առասպելական արժեք ունեցող Լազարյանի անվան դպրոցը:

-Դպրոցը ստեղծվեց հայկական Լազարյան ճեմարանի հենքի վրա,- պարզաբանեց դպրոցի տնօրեն  Սեդա Գալոյանը,- Լազարյան ճեմարանում, դեռևս 18-րդ դարից, բոլոր առարկաները ռուսաց լեզվով են անցել, բացառությամբ` հայոց լեզուն և գրականությունը: Ի դեպ,  ճեմարանում հիմնականում սովորում էին հայազգի երեխաներ: 2008 թվականին մենք տեղափոխվեցինք նոր շենք: Բնականաբար, առանց մոսկովյան իշխանությունների աջակցության, որ ստացանք Բելլա Քոչարյանի ջանքերով և ինչի համար շնորհակալ ենք, խնդիրներ շատ կունենայինք:

-Եթե դպրոցն այլևս նախկին ճեմարանի շենքում չէր լինելու, էլ ինչո՞ւ Լազարյան:

-Այնպես ստացվեց, որ ճեմարանի տարածքն այսօր Հայաստանի դեսպանատունն է զբաղեցնում, բայց, անկեղծորեն ասեմ` ճեմարանի շենքը դպրոցական տիպային շինություն չէր, այլ հարմարեցված, և դա խնդիրներ կառաջացներ 21-րդ դարի դպրոցի համար: Իսկ 18-րդ դարից գործող Լազարյան կրթօջախի անունն ու ավանդույթները պարզապես չէի կարող թույլ տալ, որ կորչեն: Չէ՞ որ այստեղ են սովորել Նալբանդյանն ու Տերյանը, այստեղ է սովորել Լորիս Մելիքովն, ով Ռուսաստանի արդարադատության նախարարան է եղել: Եվ իմ երազանքն էր, թվարկածը պահպանելով, ստեղծել այնպիսի դպրոց, որտեղ կհաճախեն ոչ միայն հայերը: Փառք Աստծո, հաջողեցինք: Լազարյան դպրոցն արդեն արևելյան լեզուների ուսուցման մասնագիտական դպրոց է: Այստեղ երեխաները սովորում են հայերեն, արաբերեն, պարսկերեն: Թուրքերեն չենք անցնում, քանզի Մոսկվայում այդ ուղղվածությամբ հատուկ դպրոց կա: Հայերենի դասագրքերը նույնն են, ինչ Հայաստանում, իսկ ամենակարևորը, որ հայերենը ոչ թե երկրորդական, այլ հիմնական առարկա է: Եվ մեկ էլ հպարտություն է, որ դպրոցի շուրջ 550 աշակերտներ, անկախ ազգությունից, հայերեն են ուսումնասիրում` ռուսներ, վրացիներ. ահա այսպես:

-Իսկ դասագրքե՞րի խնդիրը:

-Թե′ մեր դեսպանատունը, թե′ Պարսկաստանի  դեսպանատունը, և թե′ արաբները, մեր ջերմ գործընկերներն են, դասագրքերն անվճար տեղ են հասնում:

Տնօրենի հետ զրույցն ավարտեցինք, և ասվածը տեսնելու համար, ինձ ուղեկցեցին,այսպես ասած, պտույտի: Ուղեկիցս հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Մաթևոսյանն էր: Որպես լրագրող` սովորել եմ զգացմունքներին չտրվել: Սակայն տեսածս ավելի քան հզոր էր: Եվ այսպես, հրաշալի պայմաններ, մաքուր դասարաններ` տեխնիկապես վերազինված, վերը թվարկված երկրների ազգային տարազներ, վերջիններիս մշակույթը լուսաբանող տեսանյութեր, անթերի դահլիճ, Լազարյանների տոհմածառը և նրանց պատմությունը լուսաբանող անկյուն, թանգարան` Ռուսաստանում մանկավարժ աշխատած առաջին հայ կնոջ` Ժաննա Մինասի Գասպարյանի մասունքներով: Անթերի  խնամված ձմեռային երկու այգի, որտեղ տեղադրված են Չարենցի, Նալբանդյանի, Կոմիտասի արձանները: Այս ամենին գումարած մեծ սեր, իրական մանկավարժի սեր` սեփական գործի նկատմամբ, որ ուղղակի ծորում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Մաթևոսյանից:

Տիկին Մաթևոսյանին խնդրեցի աշակերտների գրած շարադրություններից մեկ-երկուսին ծանոթացնել: Ահա 10-րդ դասարանի  աշակերտ Արման Խաչատրյանի շարադրության առաջին տողերից.«Ես հայ եմ: Իմ հայրենիքը` Հայաստանն է: Փոքրիկ ու հինավուրց մի երկիր` քարքարոտ ու քարի պես ամուր, արևոտ ու արևի պես անմար»:

Հաջորդն` ավելի ցածր դասարանից Անահիտ խաչատրյանի գրածն էր. «Իմ ազգը, թեև փոքր է, բայց աշխատասեր ու խելացի է, իսկ ես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ և կրում եմ Անահիտ աստվածահու անունը: Իմ հայրենիքը ինձանից շատ հեռու է, բայց մեր դպրոցում ես իմ փոքրիկ հայրենիքն եմ գտել»:

Այլևս չկարողացա կարդալ: Տեսնես կարոտն ի՞նչ  գույն ունի…

 

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.

Եվ այսպես, շնորհիվ հայրենասեր մանկավարժների` Մոսկվայի այս դպրոցում, հիրավի, հայապահպան գործ է կատարվում, և, փառք Աստծո, որ Ռուսաստանում հայտնված հայ ուսուցիչները փրկվել են,  Հայաստանի իշխանությունների հրահանգով, ներքնաշորերի մեջ քվեաթերթիկ թաքցնելուց, ընտրակեղծարար ու գող դառնալուց, և Հայաստանի շատ վայ ուսուցիչների պես, ասես` ոչինչ չի եղել, հաջորդ օրը մեր երեխաներին «Այբ, Բեն…» սովորեցնելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30