Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ սահմանն անօրինակա՞ն է պաշտպանել

Ապրիլ 23,2012 17:10

Նոյեմբերյան քաղաքի 52-ամյա բնակիչ Յուրիկ Անանյանը 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է սահմանագոտու պաշտպանությանը, պարգեւատրվել մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով: Նրա երեք որդիները ծառայել են ՀՀ Ազգային բանակում, ավագ որդին՝ Շավարշը ներկայումս, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանները: Յուրիկ Անանյանը 2006թ. ապրիլի 3-ից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 23-ը, որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանել է Նոյեմբերյանի սահմանագոտին: 2010թ. սեպտեմբերի 23-ին տարիքային սահմանափակման եւ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով զորացրվել է պահեստազոր: 2010թ. նա զինվորական կենսաթոշակ ստանալու համար դիմել եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է պաշտպանության նախարարություն:

ՊՆ սոցիալական վարչությունից Նոյեմբերյանի զինկոմիսարիատին հայտնել են, որ Յուրիկ Անանյանը 2006թ. պայմանագրային զինծառայության է անցել օրենքի խախտումով, այդ ժամանակ նրա տարիքը անց է եղել 45-ից, որ այդ սահմանափակումը հաստատված է կառավարության 2005թ. մի որոշմամբ: Այդ պատճառով նրա վերջին 4 տարի 5 ամսվա զինծառայությունը զինվորական ստաժ չեն համարում: Իսկ առանց այդ 4 տարիների ստաժի, զինվորական կենսաթոշակ ստանալու համար Յու. Անանյանի ստաժը չի բավարարում:

Ծառայության ընթացքում քայքայվել է Անանյանի առողջությունը, նա բազմիցս բուժում է ստացել Վանաձորի կայազորային եւ ՀՀ կենտրոնական կայազորային հոսպիտալներում, սակայն առողջական վիճակը չի բարելավվել: Նա տարել է կլինիկական մահ: Յու. Անանյանը վրդովված է, որ սահմանագոտու վտանգավոր պայմաններում 4 տարի 5 ամսվա ծառայությունը զինվորական ստաժ չեն համարում, որ իր կնքած պայմանագրում տարիքային այդ սահմանափակման մասին նշում չկա: Նա ասում է.

-Եթե այդ ընթացքում սահմանում զոհվեի , համարելու էին, որ անօրինակա՞ն եմ զոհվել:

Նա բազմիցս դիմել է պաշտպանության նախարարություն: Ապրիլի 13-ին այս կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ նախագահին: Նախագահի աշխատակազմից Անանյանի դիմումն ուղարկվել է պաշտպանության նախարարություն:

ՊՆ սոցիալական վարչության իրավաբան Արմեն Աղաբալյանը մեզ ասաց, որ այդ խնդրով պետք է զբաղվի նույն նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը: Յուրիկ Անանյանը շուրջ երկու տարի սպասում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30