Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն սկսվել են մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նկատել է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածների փողոցներում և հրապարակներում նոր, գեղարվեստորեն ձևավորված նստարանները գոհունակություն և մեծ ոգևորություն են առաջացրել բնակչության շրջանում:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և, հատկապես համատիրությունների միջոցով, բնակչությանը մեկ անգամ ևս իրազեկել այդ մասով պարտադիր վճարումների ուշացման կամ չվճարման դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի և տուգանքների կիրառման մասին:
Մշտական վերահսկողության պահանջ է դրվել նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու նկատմամբ. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից տարածքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքների մեկնարկից մինչ այս պահը տարբեր վարչական շրջաններում ասֆալտապատվել է ավելի քան 295000 քմ տարածք: Հանձնարարվել է շարունակել խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին ու ժամանակացույցի պահպանմանը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն