Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Եթե տեսահոլովակը մինչ շնորհանդեսը տեսնեի, կասեի՝ ամրագոտիները կապեք»

Ապրիլ 23,2012 16:39

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Վերջին զանգ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը, որը ԿԳ նախարարությունը նվիրել է բոլոր շրջանավարտներին: Երգի ստեղծման աշխատանքներին մասնակցել են խոսքերի հեղինակ Լևոն Բլբուլյանը, երգահան Ժաննա Բլբուլյանը, երգիչ Մհերը եւ ռեժիսոր Արեն Բայադյանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այս տարվա շրջանավարտներն ավելի քաղցր եւ սպասված են, քանի որ նախորդ տարում շրջանավարտ չի եղել: «Այս երգը չի գալիս փոխարինելու «վերջին զանգին» նվիրված մյուս տեսահոլովակներին, այլ լրացնում է դրանց»,- նշեց նախարարը:

Բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի եւ Մհերի միջեւ համագործակցությունը սկսվել է վերջերս կայացած հանդիպման արդյունքում, որի ընթացքում Մհերը լսել է գործիքավորումը եւ առաջարկել դրան համապատասխան՝ «վերջին զանգին» նվիրված խոսքեր գրել:

Երգիչ Մհերը շատ է հավանել տեսահոլովակը եւ հուսով է, որ շրջանավարտներին նույնպես դուր կգա. «Ես վաղուց էի ցանկանում «վերջին զանգին» նվիրված երգ ունենալ: Թեեւ պարոն Աշոտյանը մասնակցություն չի ունեցել նկարահանմանը, բայց նրա միտքն է եղել շրջանավարտների շապիկների վրա բարեմաղթանքներ գրելու տեսարանները»: Նախարարն էլ հավելեց, որ մինչ օրս պահպանել է իր շապիկը:

Ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ մինչ օրս եղել են «վերջին զանգին» նվիրված սիրողական եւ փոքրիկ ֆիլմի սյուժե հիշեցնող տեսահոլովակներ. «Այս մեկի պարագայում ստացել ենք որակյալ աշխատանք, որտեղ փորձել ենք ներդնել յուրաքանչյուր մարդու ապրումներն այդ օրվա հետ կապված, քանի որ ավարտելուց հետո էլ մարդը հիշում է, թե ինչպես էր սրտատրոփ սպասում «վերջին զանգին»:

Տեսահոլովակը նկարահանելու առաջարկը նախարարը ստացել է Ֆեյսբուքով: Նույնիսկ լսել է կարծիքներ այն մասին, թե երաժշտությունը հնաոճ է: «Բայց վալսը երբեք չի հնանում: Այդ երգն առիթ է պարի հրավիրել այն աղջկան, որին մինչ այդ չես համարձակվել նման առաջարկություն անել»,- նշեց նախարարը:

Նաեւ կատակով հավելեց. «Եթե տեսահոլովակը մինչ շնորհանդեսը տեսնեի, կասեի՝ ամրագոտիները կապեք»: Տեսահոլովակում մեքենա վարող երեխաներն առանց ամրագոտիների են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30