Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծը քաղաքապետին եւ վարչապետին. «Եթե Ձեր տան տակ լիներ ստրիպտիզանոց՝ կգյուլլեիք» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2012 16:26

Aravot.am-ը այսօր բանաստեղծ Արտեմ Հարությունյանից հետաքրքրվեց՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարված Երեւանում տոնի զգացողություն ունի՞: «Քանի որ մաֆիոզ խմբերը գրավել են ամեն ծակուծուկ, գրքի տոնը նախնադարյան դինոզավրիկի թափառումներ է հիշեցնում…. Շատ մեծ քաղաքներ կան, որ տարիներով հերթի են կանգնած, եւ լավ է, որ որպես հինավուրց մշակույթ ունեցող ժողովուրդ, գրքի տոնը մեզ էլ բաժին հասավ:

Մենք սիրում ենք Երեւանը եւ պետք է այնպես անենք, որ մեր սրբազան հողը այսպիսի միջոցառումները իմիջիայլոց չանի: Գրքի տոնի համար եկած մասնագետները երեւի ապշեցին, երբ երեկ գիշերը ծանր թնդանոթներից ժամը 1-ին սալյուտ պայթեց Կենտրոնում, Բոչելիի երգեցողությունն էլ վերածվեց ոռնոցի՝ բարձրախոսների պատճառով: Այդ ամենը վատ կազմակերպվածության արդյունք էր: Ես դրանից չեմ էլ զարմանում, քանի որ ավելի վատ բաներ կան: Բազմիցս դիմել եմ կաթողիկոսին, հարգարժան վարչապետին, որ գրողների միության՝ Տերյան փողոցում գտնվող բնակելի շենքից տակից «Օմեգա» ստրիպտիզանոցը հանեն, բայց պարզվում է մաֆիոզ խմբերն այնքան ուժեղ են, որ պետությունը չի կարող այդ քայլին գնալ: Ստրիպտիզանոցը կանգնած է իբրեւ երկաթբետոնե կոնստրուկցիա, իբրեւ Մասիս սար, նույն համառությամբ ռիթմերը հնչում են, վերջում էլ ռուս աղջիկները դուրս են թափվում ու կանչում իրենց հաստափոր ընկերներին»:

Գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, որը նույնպես հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում, բանաստեղծին խորհուրդ տվեց տունը փոխել, հետո էլ կատակեց, թե ստրիպտիզը վատ բան չէ, գրքի նման մի բան է:

Aravot.am-ը նրանից էլ հետաքրքրվեց՝ գրքի տոնի զգացողություն ունի՞: Հրապարակախոսն ասաց, որ գրքի տոնը իր համար գրեթե ամեն օր է, այս օրերին մասնակցել է հետաքրքիր ընդունելությունների ու համերգների եւ գոհ է մնացել. «Տոնին ուրիշ ի՞նչ պիտի աներ ժողովուրդը, գիրքն առներ ձեռին՝ մա՞ն գար փողոցներում»: Պարոն Տեր-Գուլանյանը փաստում է, որ տոնը կատարյալ կլիներ, եթե իշխանությունները այս տարի մի քանի գրախանութ բացեին. «Դա իսկապես կլիներ պրազդնիկ»: Նրա համոզմամբ, գրքի տոնը մեկ օր չէ՝ ամբողջ տարին է, հետեւաբար պետք է եզրակացությունները վերջում անել: Հրապարակախոսը գտնում է, որ քաղաքային իշխանությունները պետք է պարտադրեն , որ սուպերմարկետների մի անկյունում գրախանութ գործի, թե չէ քաղաքում դրանց թիվը 3-4-ն է:

Արտեմ Հարությունյանը կարծում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարտավոր է քաղաքը մաքրել իր ձեւակերպմամբ՝ աղբ եւ չարիքի կենտրոն համարվող սթրիփ-ակումբից. «Բա ինչի՞ համար եք էդտեղ նստած՝ Ուրարտուի մասին գիրք կարդալու՞, թե՞ մեր հինավուրց քաղաքը աղբից մաքրելու, չէ՞ որ ստրիպտիզանցը բնակելի շենքի տակ աղբ է: Բոլորը խոսում են մեր հինավուրց անցյալի, պապական ուժերի, տատական հմայքների մասին, բայց ոչ ոք ստրիպտիզանոցին մատով չի կպնում: Երբ բողոքում ես, ասում են՝ բա մեր ժողովուրդը սիրուն ռուսի մարմին չտեսնի՞»: Նրա խոսքով, գրքի անկումը սկսվում է նման բաներից, կապիտալիզմի ներխուժումից ու սխալ ուղիով գնալուց, դպրոցական, բուհական հայ գրականության դասագրքերից, աշխարհը տեսնելու ոչ ճիշտ ձեւերից:

Արտեմ Հարությունյանը կրկին կոչ արեց վարչապետին եւ քաղաքապետին գրողների միության բնակելի շենքի ու Ն. Աղբալյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող ակումբից փրկել իրենց. «Հարգելի պարոն Մարգարյան կամ պարոն Սարգսյան, եթե Ձեր տան տակ լիներ ստրիպտիզանոց, դուք կհանեիք ձեր պետական տված «Մակարովը»,եւ կգյուլլեիք այն օլիգարխին, որոնք խայտառակ գործով են զբաղվում»:

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը եւս ցավում է հասարակության դեգրադացման ու արժեքների կորստի համար, նա պատրաստ է Գեղագիտության ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերից առանց վճարի տարածք տրամադրել գրախանութներին, միայն թե մարզերում էլ կարողանան գիրք կարդալ: Նրա խոսքով՝ մնում է պետությունը գոնե մարզերում այդ «մասով» թեթեւացնի հարկային բեռը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30