«Առավոտի» հարցին` «Ժառանգությունն» անցկացնո՞ւմ է իր սեփական սոցհարցումները` իր ակնկալիքները ճշտելու նպատակով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ որպես այդպիսին իրենք սոցհարցում չեն պատվիրել, սակայն իրենց կուսակիցները կամ անհատներ մինի-հարցումներ անում են, իսկ ակնկալիքների ճշտում տեղի է ունենում ընտրողների հետ հանդիպումների ընթացքում: Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը «համեստորեն եւ պարկեշտորեն» հնչեցնում է 25% թիվը, թեեւ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ 50% է ասում: Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ այս թվերի արանքում էլ հենց կլինեն «Ժառանգության» հավաքած քվեները:
Մայիսի 1-ին «Ժառանգությունը» իր կողմնակիցներին հրավիրում է Ազատության հրապարակ` համերգ- հաղթահավաքի` Ռուբեն Հախվերդյանի եւ Ձախ Հարութի մասնակցությամբ:
Ինչպես այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` իրենք երբեք էլ մեծ հանրահավաքային եղանակներով «տարված չեն եղել». «Մենք կարեւորում ենք յուրաքանչյուր հանդիպում մեր համակիրների հետ` յուրաքանչյուր հրապարակում եւ յուրաքանչյուր խաչմերուկում, մեր ընտրարշավի մեթոդաբանությունը գնալն է մարդ առ մարդ, քաղաքացի առ քաղաքացի, մեծ հանրահավաքները մեր ընտրած ճանապարհը չեն եղել: Բայց մայիսի մեկին կլինի մեր հաղթահավաքը, կտեսնեք մեր շարքային ընտրողներին»:
Իսկ մինչ այդ` վաղը, ապրիլի 24-ին «Ժառանգությունը» չի անելու որեւէ քարոզարշավ, չի բաժանելու եւ ոչ մի բուկլետ, միայն լուռ երթ է լինելու Ազատության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդի համալիր:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ