Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգության» առաջնորդ. «Վաճառքի» մասին են խոսում «վաճառքի» հետագիծ ունեցողները

Ապրիլ 23,2012 14:48

«Նա, ով իր ցուցակը թողած «Ժառանգության» ցուցակում կամ ծրագրում է փորձում գտնել խութեր եւ խոչընդոտներ՝ նշանակում է, որ իր թուլությունն է գիտակցում եւ քավության նոխազ է փնտրում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հնչեցրած որոշ կարծիքների եւ «բամբասանքների»: Նաեւ հավելեց, որ կարծիքներ հայտնելու սահմանադրական իրավունք մեր երկրում բոլորն ունեն, սակայն եթե իրենք դատի չեն տալիս ամեն անգամ, երբ «Ժառանգության» հասցեին հերյուրանք կամ սուտ է հնչում, դա չի նշանակում, որ այդ կարծիքները ճիշտ են:
«Ժառանգության» առաջնորդն անդրադառնալով մի շարք ընտրատարածքային հանձնաժողովներում «Ժառանգության» կողմից լիազորված անձինք չունենալու փաստին՝ մեկ անգամ եւս պնդեց, որ դա եղել է զուտ համակարգչային վրիպակ, որի մեղքը նա վերցրեց իր վրա, սակայն նշեց, որ նրանք, ովքեր այդ պարզ վրիպակը որակում են որպես «վաճառք», ապա հենց իրե’նք ունեն վաճառելու «հետագիծ»: Պարոն Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ թեեւ այդ վրիպակի պատճառով, չի բացառվում, որ 1930 ընտրատեղամասերից մի քանիսում «Ժառանգությունը» չի ունենա ներկայացուցիչ, սակայն դա կփոխհատուցի հատկապես այդ տեղամասերում վստահված անձանց շատ ուշադիր ներկայությամբ:
Ինչ վերաբերում է միասնական շտաբին «Ժառանգության» չմասնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի կիսում այս կապակցությամբ իր կուսակից ընկեր Ստյոպա Սաֆարյանի հայտնած այն տեսակետը, թե դա Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, սակայն է’լ ավելի համաձայն չէ մինչ Ս.Սաֆարյանից առաջ Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի, Լեւոն Զուրաբյանի եւ այլոց հնչեցրած կարծիքներին:
Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի ճիշտ` արձանագրություններին, որոնց կտրականապես դեմ էր եւ «Ժառանգությունը», սակայն դրանց կողմ է հանդես եկել «Ժառանգության» ցուցակի 6-րդ համար Թեւան Պողոսյանը: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` «Ժառանգությունը» այժմ միակարծիք է այն հարցում, որ դա «քեմալաբոլշեւիկյան պայմանագրերի» ստորագրում էր` անկախ Հայաստանի իշխանությունների կողմից, եւ իրենք ոչ միայն դրա քննարկմանն են դեմ ԱԺ-ում, եւ համոզված են, որ Հայաստանն իր «ստորագրությունը պետք է ետ քաշի», այլեւ` ավելին.«Եթե այս տարվա ընթացքում Թուրքիան հետ չի կանգնում իր նախապայմանային մոտեցումներից, ապա Հայաստանն ինքը պետք է ետ կանգնի քսան տարվա զուսպ եւ հավասարկշռված, (եւ դա հիմնավորված էր) քաղաքականությունից, եւ ինքը դնի իր պահանջները Թուրքիա պետության դեմ»: Պարոն Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, 1915թ.-ին կատարվածը շարքային ցեղասպանություն չէր, կամ ողջակիզում, այլ շատ ավելին էր, դա հայրենազրկում էր, հայրենասպանություն էր, մենք կորցրեցինք ողջ հայրենիք:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ մի կարճ ռեպլիկ արեց իր արեւմտահայերեն առոգանությունը ծաղրող լրատվամիջոցներին.«Ուզում եմ ասել, որ «հանգույն» բառը ես այստեղ՝ Հայաստանում եմ սովորել»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30