Այսօր, ապրիլի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել «Մերսեդես C 550» մակնիշի, 01 ՕՕ 010 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նշված ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել այն բանի համար, որ ավտոմեքենայի վրա եղել են ձայնային ազդանշաններ («դռիկներ»)։ Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ Գոռ Բաբայանը, որը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի ԱՊՊԱ–ի ժամկետը եղել է անցած, իսկ համարանիշերը եղել են ոչ թե նշված ավտոմեքենայի, այլ մեկ այլ՝ «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վրա գրանցված ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ «Կադիլակն» էլ գրանցված է Երևան քաղաքի Աթոյան անցուղի 20 շենքի բնակիչ Էդուարդ Մադաթյանի անունով։ Վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է «Խուճուճ Էդո» մականվամբ։
Նշված օրինախախտումների համար Է. Մադաթյանը և Գ. Բաբայանը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով խոշոր չափի գումարով։