Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այդպես էլ չբերվեց Հայաստանի թիվ մեկ հաքերը՝ Գեորգի Ավանեսովը:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործով ժ.12-ին նշանակվել էր դատական նիստ: Քրեական գործը գտնվում էր դատավոր Արմեն Խաչատուրյանի վարույթում: Դատավորը, սակայն, գտնվում էր արձակուրդի մեջ, այդ իսկ պատճառով անդրանիկ դատական նիստ չհրավիրվեց:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը կոլեգիայի վերջին նիստի ժամանակ այս քրեական գործն իր բնույթով համարեց «եզակի»:
Գեորգի Ավանեսովը տարածել է ամբողջ աշխարհում հարուցիչներ, վնասաբեր ծրագրերով վարակել է 29 մլն համակարգիչ:
Ըստ նախնական տեղեկատվության, Գ.Ավանեսովը մշակել էր համացանցից օգտվողների համակարգիչները վարակելու համար նախատեսված «հատուկ հարուցիչ»՝ տուժողների համակարգիչների եւ համակարգչային համակարգերի հնարավորություններն օգտագործելու, առանց թույլտվության օգտատերերի համակարգիչները «ջարդելու», վերափոխելու համար:
Այս գործը բացահայտվել է Նիդեռլանդներում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ