Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը հուզվել էր ու չէր կարողանում խոսել

Ապրիլ 23,2012 14:23

Արարատ քաղաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը սկսվեց քիչ ուշացումով, քանի որ վերջինս չնախատեսված այցելություն էր կատարել Վազգեն Սարգսյանի թանգարան:

Արարատ քաղաքում հանդիպումը կայացավ սպարապետի արձանին հարող տարածքում: Ծառուկյանը ծաղկեպսակ դրեց Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այստեղ ԲՀԿ նախագահին այնպիսի ջերմ ծափերով, ողջույններով եւ ուռռաներով ընդունեցին, որ վերջինս նկատեց, թե նման ջերմ ընդունելությունից հուզվել է ու չի կարողանում խոսել: Այնուամենայնիվ, Ծառուկյանն իր հետ հանդիպման եկածներին ասաց, թե անելու է ամեն ինչ, որպեսզի այս հավատն ու սպասելիքները արդարանան. «Ծառուկյանն այն քաղաքական գործիչներից չէ, որ քաղաքականությունից դուրս գա ու «մեռնի»: Դուրս գա՝ լավ կապրի, բայց մնում է ձեր հույսը, հավատը արդարացնելու»: Նա նաեւ ասաց, որ առանց հույսի ու հավատի լավ ապագա երազել չի կարելի:

Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, Ծառուկյանն ասաց, որ ԲՀԿ-ն այլ ուժերի նման այնպիսի խոստումներ չի տալիս, որ վաղը Եվրոպա ենք դառնալու: Ասաց, որ իրենք նաեւ չեն խոստանում, որ թոշակները 1000 դոլար պետք է լինեն, բայց ասում են, որ այնպիսի տնտեսական դաշտ են ապահովելու, որ ամիս-ամիս, եռամսյակ-եռամսյակ յուրաքանչյուր մարդ իր կենսամակարդակի մեջ փոփոխություններ զգա:

ԲՀԿ առաջնորդը նաեւ խոսեց արտագաղթից, ասաց, որ դրա կանխելու առաջին ճանապարհը մանր ու միջին բիզնեսի համար արտոնյալ պայմաններ ստեղծելն է, գյուղացիական տնտեսություններին հարկային բեռից թեթեւացնելը ու հետո միայն, երբ գործարարը ոտքի կկանգնի, նոր պետությունը պետք է նրա հետ հարաբերվի այլ հարկային դաշտում:

Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի բնակչությունն առնվազն 4-5 միլիոն պետք է լինի, որպեսզի մեր երկիրը զարգացման ուղին բռնի: Իսկ դրա համար նախեւառաջ աշխատանքային բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն: Նա նաեւ հավաքվածներին միասնականության կոչ արեց, բայց պատվիրեց ընտրություններին գնալ ու քվեարկել խղճի թելադրանքով: Ասաց, որ անգամ Արարատի մարզում գտնվող իր բիզնեսներում զբաղված մարդկանց չի պարտադրում քվեարկել ԲՀԿ-ի օգտին:

ԲՀԿ-ի քարոզարշավը կշարունակվի Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30