ԽՍՀՄ տարիներին ցեղասպանության մասին հանրային քննարկումների ծավալման արգելքները, հանրային կարեկցանքի բացակայությունը մի կողմից հասարակության մեջ խորը բարդույթներ էին ծնում, մյուս կողմից` զրկում հասարակությանն այս հարցի շուրջ ձևավորելու միասնական, համախմբված կարծիք և քաղաքական ճիշտ մեխանիզմ մշակելուց և ունենալուց: Անհատներն իրենք էին փոխանցում իրենց փորձը սերնդեսերունդ, իրենք իրենց մեջ փորձում գտնել հոգեբանական ծանր հետևանքները հաղթահարելու միջոցները: Սակայն միայն այսքանը: Ավելին անել բարդ էր, ինչ-որ տեղ` անհնարին: Բնական է, որ հարցի լուծման, պահանջատիրության, փոխհատուցման կամ այլ խնդիրների մասին խոսելը, հանրային ճիշտ դիսկուրս ձևավորելը գոյություն չունեցող, հեռավոր ու անհասանելի երևույթներ էին:
20-րդ դարի երկրորդ կեսին, երբ քիչ թե շատ հնարավոր դարձավ միայն խոսել ցեղասպանության մասին և փոքր-ինչ դուրս հանել խնդիրը նեղ ընտանեկան շրջանակներից, հանրային գիտակցության ձևավորման համար չկային պետական այն ուժերը, որոնք կգլխավորեին մարդկանց: Խորհրդային Հայաստանը չէր կարող ԽՍՀՄ ընդհանուր գաղափարներից զատ կարծիք և հետևաբար ` որևէ պահանջ ունենալ: Քանի որ այս ամենը բարձրաձայնված չէր պետական մակարդակով և ամեն մի շարքային քաղաքացի , բնականաբար, չէր կարող լուրջ քաղաքական պահանջներ ներկայացնել առանց այդ պետական աջակցության:
Անկախացումից հետո միանգամից փոխված իրավիճակում մարդկանց արտահայտման միջոցները տարբեր էին…70 տարվա քնից հետո վերջապես խոսելու հնարավորությունը շատերը տարբեր ձև էին օգտագործում : «Ցեղասպանված ազգի» պիտակը տարիների ընթացքում վեր է հանել բազմատեսակ բարդույթների մի ամբողջ շարան: Զոհի կարգավիճակը ոմանց մեկուսացնում է, ոմանց էլ գոհացնում…Մասնավորապես, Հայաստանում կամ Հայաստանից դուրս որևէ արտասահմանցու հետ շփվելիս, ամեն հնարավոր առիթով հայ ժողովրդի տանջված, կոտորված, հալածված ու ճնշված ազգ լինելու մասին թմբկահարելը այդ բարդույթներից ամենատարածվածն է: Յուրաքանչյուրի հետ Հայաստանի կամ հայերի մասին խոսելիս «Իսկ դուք գիտե՞ք, որ մեզ ցեղասպանել են» բառերը երբեմն հնչում են ինչպես «Իսկ դուք գիտե՞ք, որ մենք ծովից ծով Հայաստան ենք ունեցել»…Եվ ամենակարևորը` առանց մի պահ մտածելու անգամ, թե առհասարակ դա այդ արտասահմանցուն հետաքրքի՞ր է թե ոչ: Միլիոնավոր սպանված հայերից զատ Թուրքիան մեզ է թողել ֆիզիկական կոտորածից ոչ պակաս կործանարար մի բան. ճնշված ազգի հոգեբանությունը: Զոհի կերպարը տարիների ընթացքում արտոնության մի ձև է դարձել: Արդյո՞ք իսկապես անհրաժեշտություն է այս մարդկանց համար ցեղասպանության ճանաչումը:
Այսօր երկրի ներսում խնդրի մասին անհրաժեշտ քարոզչության բացակայությունը հանգում է նրան, որ մենք մինչ օրս չենք ձևավորել հանրային այն գիտակցությունը ցեղասպանության մասին, որը և չենք կարողանում ճիշտ կիրառել երկրից դուրս: Մենք չենք տարբերում այս պրոբլեմները, մենք չգիտենք ինչը ասել, իսկ ինչը ոչ:
Հայաստանում յուրաքանչյուրը պարզապես գիտի, որ ցեղասպանության ճանաչումը հայոց համազգային համար մեկ « դարդն է», բայց թե ինչ ենք մենք ուզում ի վերջո, ինչ ենք պահանջում Թուրքիայից և աշխարհից…Վստահաբար քչերն են գիտակցում: Երբ փորձեցի երիտասարդների շրջանում հարցումներ անցկացնել, թե առհասարակ ինչի են ցանկանում հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ, մեծ մասը ստույգ չէր կարողանում պատասխան տալ: Ֆինանսական փոխհատուցում, տարածքների վերադարձ կամ ի՞նչ… Հասարակությունը պետք է գոնե գիտակցի, թե ինչ է ուզում, բայց մի բան ակնհայտ է. Մեծ Եղեռնը դարձել է այն «դարդը», որով պարզապես ապրում ենք արդեն մեկ դար…Ոմանք կատակում են. «Էս ցեղասպանության հարցը որ լուծվի հայերը ի՞նչ են անելու, ինչո՞վ են ապրելու» : Պահանջը պարզապես սա է. «Ճանաչում»: Ընդհանրական մի պահանջ:
Օրինակ` շատերը երազում են, որ Օբաման արտասանի «genocide» բառը կամ Ֆրանսիայի սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, և ահա այս երազանքով ապրում են մի քանի միլիոն հայեր այս պահին: Սա հասկանալի է ու բնական: Մարդկանց կարող է մխիթարել ու հոգեպես խաղաղեցնել այն, որ իրենց ցավը ինչ-որ մեկը կկիսի, կկարեկցի: Հարցի մեկ այլ կողմն է, թե «շոշափելի» ի՞նչ արդյունք կտա , ասենք, եթե Օբաման մի օր որոշի ասել այն, ինչ գիտեն բոլորը և ինքը նույնպես, պարզապես հանգամանքներն այնպես են դասավորվել, որ մեր շահերը չեն համընկել: Մենք երբևէ չենք մտածել այն մասին, որ որքան էլ օրինակ, Ֆրանսիան մտահոգված լինի այս խնդրով, միևնույնն է, չի կարող և չի լինի այնքան շահագրգռված, որքան որ մենք պետք է լինենք: Շատ պարզ պատճառով. Այս պատմության մեջ որևէ մեկ այլ երկիր երրորդ դեմք է և քանի դեռ հարցն անմիջապես իրենց չի վերաբերվում, ինչու պետք է այդքան կարևորություն ներկայացնի իրենց համար: Երբևէ տվե՞լ ենք մեզ այս հարցը։ Եվ քանի որ մենք թույլ ենք տվել Հայոց հարցը դարձնել քաղաքական (չեմ վախենա այդ բառից) խաղալիք, որը կարևորություն է ձեռք բերում միայն Թուրքիայի տնտեսական ախորժակը սանձելու դեպքում և այլն, հուսահատությունները դառնում են հաճախակի:
Ցավով եմ նշում, 97 տարի անց էլ մենք դեռ ի վիճակի չենք պատմությունից ճիշտ դասեր քաղել: Վաղուց ժամանակն է մոռանալ, թե տերությունները պաշտպանելու են մեր իրավունքները: Մեզանից լավ ոչ ոք չի կարող պաշտպանել մեր իրավունքները, մեզանից շատ դա ոչ ոքի չպետք է հուզի: Մինչ մենք 97 տարի արևմուտքի դռներն ենք ծեծում` հույս փափագելով, որ արդարությունը կվերականգնվի, Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում ամբողջ աշխարհում ցեղասպանության հարցի շուրջ ժխտողական քարոզչության համար: Իսկ մե՞նք։ Ժամանակն է Թուրքիային ֆրանսիական օրինագծերով վախեցնելուց բացի ճնշենք մեր իսկ ճշմարտացի քարոզչությամբ: Տուժվածը հոգեպես հանգստանում է միայն այն ժամանակ, երբ հանցագործությունը ճանաչում է ոչ թե հարևանը կամ հարևանի հարևանը, այլ հենց հանցագործը: Հանցագործը` Թուրքիայի հանրապետությունը: Եվ սա պետք է գիտակցի ոչ միայն պարզապես Թուրքիայի հանրապետությունը՝ այլ հենց Թուրքիան…Իսկ Թուրքիան արդեն Գյուլը չէ, Էրդողանը չէ…Թուրքիան դա թուրք դպրոցականն է, մրգավաճառը, ուսանողը, տաքսու վարորդը…Ովքեր այսօր արդեն վերապրում են պատմական ճգնաժամ և պետք է վաղը ստիպեն իրենց պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գտնել փոխհատուցման տարբերակները և այլն: Ի՞նչ ենք մենք քարոզում այս մարդկանց։ Կամ քարոզո՞ւմ ենք արդյոք։ 21-րդ դարը մեզ շատ հնարավորություններ է տալիս: Բայց գրագետ քարոզչությունը դա ինտերնետային ֆորումներում թուրքերին հայհոյելը չէ:
Վաղուց արդեն եկել է այն ժամանակը, որ ավելի բաց հայացքով նայենք այս ամենին: Դառնանք այն առաջադեմ, գիտակից սերունդը, որը ընդունակ է ապացուցել աշխարհին, որ չնայած բարդ անցյալին, ունի առաջ նայելու ու առաջ շարժվելու կամք և խիզախություն: Իր ու իր նախնիների իրավունքը պաշտպանելու ընդունակ մի սերունդ, որն ունեցել է նաև անցյալից եկող բարդույթները հաղթահարելու քաջություն:
Սոֆյա Հակոբյան