Անցած ուրբաթ օրը, ապրիլի 20-ի երեկոյան, Երեւանի «Սեւան» հյուրանոցի դիմացի մանկական զբոսայգում կայացել է երեւանաբնակ տավուշցիների՝ մեծամասամբ իջեւանցիների հավաք, որը կազմակերպել են գործարար Ղեւոնդ Ղալումյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբայրը՝ Աշոտը: Ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 300 մարդ: Ներկաներին անվճար բաժանվել է պաղպաղակ, «կոկա-կոլա», ելույթ են ունեցել երգի-պարի ժողովրդական համույթներ: Հավաքին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահի օգնական, ծագումով իջեւանցի Լեւոն Մարտիրոսյանը:
Ելույթ ունեցողները՝ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը խոսել են առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին սատարելու անհրաժեշտության մասին :
Մանվել Բադալյանն ու Կորյուն Աթոյանը ծագումով Բերդի տարածաշրջանից են, Կորյուն Առաքելյանը՝ իջեւանցի:
Հանդիպման մասնակիցները «Առավոտի» թղթակցին պատմեցին, որ նախկինում կոշտ ընդդիմության դիրքերից հանդես եկող «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահի պաթոսով ելույթը ներկաները միանշանակ չեն ընդունել: Կ. Առաքելյանը գովեստներ է հնչեցրել նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանի հասցեին, որը հանդիպմանը ներկա չի եղել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ