Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակասություններ և չափազանցություններ՝ Կոմկուսի քաղաքական տեսահոլովակներում (Տեսանյութ)

Ապրիլ 23,2012 13:52

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) քարոզարշավային գովազդային հոլովակներից մեկում ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը հայտարարում է, թե Խորհրդային Միության ժամանակ ամբողջ ժողովուրդն այն անվանում էր «5 հազար տարվա մեր անգին քարը», եւ զգում էին, որ իրենք էին երկրի տերը, «քանի որ իշխանությունը պատկանում էր ժողովրդին»: Այնինչ այդ նույն տարիներին բազում քաղաքացիներ պայքարում էին խորհրդային համակարգի դեմ: Ուստի Аravot.am-ը Ռ. Թովմասյանին խնդրեց մեկնաբանել նշված հակասությունը: Գլխավոր կոմունիստն էլ նշեց. «Երկիրն աշխատող մարդու, ժողովրդի երկիր էր, կուսակցության 90 տոկոսը պրոլետարիատ էր: Երկիրը դրախտավայր էր, այ, օրինակ՝ ասում են «ռայկոմ», «ռայսովետ», իսկ «ռայը» ռուսերենից թարգմանած նշանակում է դրախտ: Ես չեմ չափազանցնում, քանի որ երկիրն իրոք գյուղացու և բանվորի երկիր էր: Այն ժամանակվա Գերագույն խորհրդում կային կոլտնտեսներ, բանվորներ, մանկավարժներ, սպորտսմեններ, բոլոր խավերից պատգամավորներ: Իհարկե, համակարգի դեմ պայքարողներ էլ կային»:

Մյուս հայտարարությունը, որ հնչում է Կոմկուսի հոլովակում, վերաբերում է նրան, թե Խորհրդային Միության թշնամիներն էլ էին հիացմունքով արտահայտվում Խորհրդային Միության նկատմամբ, եւ ասում, որ «եթե ուզում եք հրաշքներ տեսնել՝ գնացեք Սովետական Հայաստան»”

Aravot.am-ը Ռ. Թովմասյանին խնդրեց փաստեր ներկայացնել, թե կոնկրետ ո՞ր երկրի կողմից է նման հայտարարություն հնչել: ՀԿԿ ղեկավարն էլ նշեց. «Տարբեր երկրներից բազում մարդիկ էին գալիս խորհրդային Հայաստան և ասում էին, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Օրինակ՝ ԱՄՆ-ից, Անգլիայից մեզ հակառակ կուսակցություններ ասում էին, թե իրոք հրաշքների երկիր է»: Երբ պնդեցինք, որ Ռ. Թովմասյանը գոնե մեկ օրինակ բերի, պարոն  Թովմասյանը նշեց Ռոքվել Քենթի անունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30