Այսօր ՀԱԿ-ի քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է: Վարդենիսցիների հետ հանդիպմանը Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Զարմանում են, որ զինվորը կախվում է, բա ի՞նչ պիտի լիներ, եթե զինվորին բերում են խաղաղ բնակչության դեմ, այդ հրամանտարը զինվորին ո՞նց պիտի վերաբերվի, եթե պետք եղավ՝ կսատկացնի զինվորին: Մենք վաղը չենք կարողանալու զորակոչ անել: Մեր ժողովուրդը լքում է մեր երկիրը, գնում է Սիբիր, իրենք իրենց աքսորում են մարդիկ, կյանքը այնքան վատ է: Այս երկրում արդարություն չկա: Ինչպես Բագրատյանն է ասում՝ ճար չկա, մենք Ղարաբաղի կորցնելու համար չենք ասում, արդեն Հայաստանն ենք կորցնելու: Ես չեմ ուզում կոչ անել քվեարկել իմ եղբոր համար, ասում եմ՝ ով էլ ընտրվեց՝ ձեզ չի հիշելու, մեկ էլ հիշելու է 4 տարի հետո, էլի բերելու է ջեմ բան տա, որ ընտրեք»:
ՀԱԿ անդամները կոչ էին անում վադենիսցիներին ընտրել Գագիկ Ջհանգիրյանի եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին:
Հրանտ Բագրատյանն իր ելույթն այսպես սկսեց. «Հիմա Սերժ Սարգսյանի ծրագրից ընենց բաներ եմ ասելու, որ բիզ-բիզ կկանգնի ձեր մազերը. ձեզանից քանի՞ մարդ կա, որ երեխեն ուզում է բարձրագույն սովորի՝ վարձ չեք կարողանում տալ: Ասել էր՝ հայկական ընտանիքների եկամուտները կկրկնապատկվեն, քանի՞ հոգու եկամուտն է կրկնապատկվել: Բա էս մարդը գալու է ձեր մոտ, ասելու է ընտրեք մե՞զ ու դուք պիտի ընտրե՞ք»: Վարդենիսցիները սրան արձագանքում էին. «Սերժը չի եկել, չենք թողի, որ գա, վարիանտ չկա իրան ընտրենք»:
Բագրատյանը վարդենիսցիներին հիշեցրեց, որ «Սա այն կառավարությունն է, որը 100 միլիոն է տվել ու ի՞նչ է առել, մտքներովդ էլ չի անցնի նման բան՝ 2 զուգարանի, մինչեռ այդ փողով կարող էր կրկնապատկեր Վարդենիսում թոշակները: Մենք եղել ենք իշխանության, ժողովուրդ, սրանց նման չենք լափել, մեր հետեից ինչեր ասես՝ չեն ասել, եթե լափած լինեինք՝ այստեղ չէինք լինի»:
Կարդացեք նաև
Ստեփան Դեմիրճյանը նշեց. ««Մի քանի մարդ երկիրը դարձրել են իրենց սեփականությունը, ժողովրդին մատնել թշվառության: Այս ի՞նչ վիճակ է ձեր քաղաքում, այս ի՞նչ վիճակ է երկրում: Ես միշտ ասել եմ՝ հրաշքներ չենք խոստանում, բայց մի բան կարող ենք խոստանալ՝ որ ազնիվ կլինենք, երկիրն այս վիճակից դուրս կհանենք, կդարձնենք նորմալ երկիր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ