«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների շարունակական խախտումներով, ոչ մարտական պատճառներով մահացությունների առկայությամբ, կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ մասնագիտական կառույցների ոչ մասնագիտական վարքով և նկատի ունենալով բանակում մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակման գործում խորհրդարանի դերն ու նշանակությունը, կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին իրենց ծրագրերում ընդգրկել ՀՀ զինված ուժերի բարեփոխման համար նախատեսվող քայլեր, հրապարակել բանակի բարեփոխման իրենց ծրագրերը և ներկայացնել հանրության դատին:
«Բանակն իրականում» նախաձեռնությունն ակնկալում է խորհրդարանական մանդատների հավակնորդ քաղաքական ուժերի առաջարկությունները մասնավորապես հետևյալ խնդիրների առնչությամբ.
1. Ինչպիսի՟ սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` զորակոչային, պայմանագրային, միլիցիոնային-աշխարհազորային կամ խառը.
· ինչպե՟ս պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):
Կարդացեք նաև
· ինչպիսի՟ն պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:
· ինչպիսի՟ն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք): Ի՟նչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:
2. Ինչպիսի՟ կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը.
· ինչպիսի՟ն պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը (կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես` ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:
· ի՟նչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:
3. Ի՟նչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար.
· խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի՟ մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:
4. Ինչպիսի՟ն պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (կզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):
5. Ինչպիսի՟ն պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):
6. Որո՟նք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:
7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:
Խնդրում ենք ս.թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված Ձեր կուսակցության ներկայացուցիչներին անդրադառնալ նշված հարցերին իրենց հրապարակային ելույթներում, իսկ Ձեր կուսակցության պաշտոնական պատասխանն ու դիրքորոշումն ուղարկել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը` նշված հասցեով: